Տեսանյութ

«Ուիգմոր Քլինիք»-ում էնդոպրոթեզավորումը հասանելի է դառնում ավելի լայն շրջանակների համար

4 րոպեի ընթերցում

Տարեցտարի աշխարհում աճում է էնդոպրոթեզավորման վիրահատությունների թիվը։ Դա պայմանավորված է ինչպես ակտիվ կյանքի պահպանման ձգտմամբ, այնպես էլ ժամանակակից բժշկության հնարավորությունների ընդլայնմամբ։ Երբ հոդացավը սկսում է սահմանափակել մարդու շարժունակությունն ու առօրյան, ժամանակակից օրթոպեդիան առաջարկում է արդյունավետ լուծումներ։ Դրանցից մեկը էնդոպրոթեզավորումն է, որը շատ դեպքերում թույլ է տալիս վերականգնել կյանքի որակը և վերադարձնել ազատ շարժվելու հնարավորությունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Ուիգմոր Քլինիք»-ի օրթոպեդիայի ծառայության ղեկավար Հայկ Ավագյանը նշեց, որ ժամանակները փոխվել են, և համապատասխանաբար արդիականացել են թե՛ գործիքները, թե՛ էնդոպրոթեզների որակը։

«Արթրոզը, եթե արդեն սկսված է, ցավոք սրտի, այդ փուլում լիարժեք բուժել հնարավոր չէ։ Կան մեթոդներ, որոնք նպաստում են, որպեսզի այն ավելի արագ չզարգանա»,- ասաց նա։

Տարիներով ցավին համակերպվելը լուծում չէ․ ճիշտ պահին մասնագետի դիմելը հնարավորություն է տալիս վերադառնալ ակտիվ կյանքին։ «Ուիգմոր Քլինիք»-ում ապահովված է բուժառուի ամբողջական ճանապարհը՝ խորհրդատվությունից և նախավիրահատական գնահատումից մինչև վիրահատություն, ստացիոնար հսկողություն և վերականգնում։

«Վիրահատությունից հետո պացիենտը մի քանի օր գտնվում է հիվանդանոցում՝ հսկողության տակ, անցնում է համապատասխան ռեաբիլիտացիոն բուժում և դուրս գրվում մոտ երկու-երեք օր անց»,- նշեց «Ուիգմոր Քլինիք»-ի օրթոպեդ Աշոտ Հարությունյանը։

Այսօր էնդոպրոթեզավորման վիրահատությունը դարձել է առավել հասանելի նաև պետական ֆինանսավորման շրջանակում։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության շնորհիվ բազմաթիվ բուժառուներ կարող են ժամանակին դիմել մասնագետի և չհետաձգել բուժումը ֆինանսական պատճառներով։

«Եթե նախկինում փոխհատուցվում էր միայն վիրահատության արժեքը, ապա այժմ պետությունը մասամբ փոխհատուցում է նաև էնդոպրոթեզի արժեքը։ Փոխհատուցման չափը կախված է ընտրված էնդոպրոթեզից։ Որոշ դեպքերում այն ամբողջությամբ ներառվում է պետության կողմից հատկացվող գումարի մեջ, իսկ որոշ դեպքերում անհրաժեշտ է հավելավճար, սակայն այն զգալիորեն պակաս է նախկինում վճարվող գումարներից»,- ասաց Աշոտ Հարությունյանը։

Մասնագետների խոսքով՝ էնդոպրոթեզավորումը ժամանակակից օրթոպեդիայի ամենաարդյունավետ ուղղություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս վերականգնել շարժունակությունն ու նվազեցնել մշտական ցավը։ Վիրահատության հաջող արդյունքի վրա ազդում են ոչ միայն պրոթեզի որակը, այլև բժշկական թիմի փորձը, ճիշտ պլանավորումն ու վերականգնողական փուլը։ «Ուիգմոր Քլինիք»-ի թիմն ունի այս ոլորտում կուտակած փորձ և բուժառուի ամբողջական բուժումը կազմակերպելու անհրաժեշտ մասնագիտական կարողություններ։

«Փորձը ցույց է տալիս, որ բժշկին հիմնականում դիմում են հարազատների և արդեն վիրահատված հիվանդների ուղղորդմամբ։ Պացիենտը, բնականաբար, ընտրում է փորձառու բժշկին, որն աշխատում է համապատասխան սարքավորումներով հագեցած բժշկական հաստատությունում»,- ընդգծեց Հայկ Ավագյանը։

Էնդոպրոթեզավորումը միայն վիրահատություն չէ։ Դա բուժառուի ամբողջական ճանապարհն է՝ սկսած առաջին խորհրդատվությունից և հետազոտություններից, մինչև վիրահատություն, հետվիրահատական հսկողություն և վերականգնում։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում