Աննա Հակոբյանը շնորհավորել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ հիմնադրման 101-ամյակի առթիվ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ հիմնադրման 101-ամյակի առթիվ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Աննա Հակոբյանը գրել է «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Արմենպրես»-ի հարգելի խմբագրակազմ, լրագրողներ, ներկա ու նախկին աշխատակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի առաջին պետական լրատվական գործակալության՝ «Արմենպրես»-ի հիմնադրման 101-րդ ամյակի կապակցությամբ։ Նոր հարյուրամյակում ցանկանում եմ, որ շարունակեք պահպանել ձեր բարձր պրոֆեսիոնալիզմը, ունենաք նոր ձեռքբերումներ և վերելքներ»,- գրել է ՀՀ վարչապետի տիկինը։
1918թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է մի շարք լրատվական ժապավեններ` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո և վիդեո նորություններ:
2017թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու որոշում ընդունեց: