ՀՀ նախագահը հանդիպել է Կատարի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ջասիմ բին Սայիֆ Ահմեդ Ալ Սուլաիթիի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտներում հայ-կատարական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը նկատել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Կատարը, լինելով փոքր երկրներ, մեծ նշանակություն են տալիս տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և այս առումով համագործակցության մեծ ներուժ ունեն:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխգործակցության ուղղությունների ու հնարավորությունների շուրջ: