Տնտեսություն

ԱԺ-ն քննարկում է ՎԶՄԲ-ից վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է ՎԶՄԲ-ից վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) 45.8 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության և ՎԶՄԲ-ի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

«Հայաստանի ու ՎԶՄԲ-ի միջև կնքված «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրով տրամադրվելու է բյուջետային աջակցության վարկ՝ 45.8 մլն եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առևտրի և որակի կանոնակարգերի, գործընթացների և կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը: Վարկի մարման ժամկետայնությունը 25.5 տարի է, որի արտոնյալ ժամկետը 14.5 տարի է»,- ասաց Հայրապետյանը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստում ստացել է դրական եզրակացություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում