Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան թիմի մի խումբ ներկայացուցիչների: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը հյուրերին շնորհավորել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակի առթիվ և գնահատելի համարել այն աշխատանքը, որը իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի կողմից:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը լավ օրինակ է, թե ինչպես մարդիկ, համախմբվելով, միավորելով իրենց ուժերը, կարող են հասնել լավ արդյունքների,-նշել է նախագահը:-Ինչպես իր գործունեությամբ ապացուցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, եթե կա կամք, եթե կա սեր, եթե կա կենտրոնացվածություն կոնկերտ խնդրի ուղղությամբ, հնարավոր է շատ բանի հասնել»:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել նախագահին և նախագահի տիկին Նունե Սարգսյանին աջակցության համար՝ համաձայնելով, որ երեխաներն առողջ մեծանալու համար առաջին հերթին սիրո ու հոգատարության կարիք ունեն:«Մեր աշխատանքն ուղղված է դրան: Մենք կարևորում ենք երեխաների կրթությունը, սոցիալական պաշտպանությունը, առողջությունը և փորձում ենք հնարավորինս աջակցել թե՛ կառավարությանը, թե՛ ծնողներին՝ երեխաների համար անհրաժեշտ խնամք ու հավասար պայմաններ ապահովելու համար»,-նշել է նա:

Նա ընդգծել է, որ Հայաստանում 25-ամյա գործունեության ընթացքում լավ արդյունքներ են արձանագրել, բայց կարևորել է նաև ներկայի և ապագայի համար արդյունավետ ծրագրերի իրականացումը:

Նախագահ Սարգսյանն իր և նախագահական ինստիտուտի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ իր առաքելությունը հաջողությամբ իրականացնելու գործում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում