Տնտեսություն

Քննարկվում է ԵԱՏՄ երկրների օրենքների ներդաշնակեցման համաձայնագրի վավերացման օրինագիծը

2 րոպեի ընթերցում

Քննարկվում է ԵԱՏՄ երկրների օրենքների ներդաշնակեցման համաձայնագրի վավերացման օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

«Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի նոյեմբերի 6-ին Մոսկվայում: Եվ նախատեսվում է, որ դրանով անդամ պետությունների ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը կիրականացվի սահուն»,-ասաց Աբրահամյանը:

Համաձայնագրով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բանկային, ապահովագրական եւ արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները եւ կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների եւ ստանդարտների վրա: Համաձայնագիրն անդրադառնում է նաև միջազգային ստանդարտներին համաձայն ֆինանսական շուկայի ոլորտում ռիսկերի կարգավորման մոտեցումների ներդաշնակեցմանը:

Աբրահամյանը նշեց՝ ինչ վերաբերում է սկզբունքներին, ապա բոլոր կողմերը որդեգրել են հետևյալ սկզբունքը՝ առաջնորդվել միջազգային լավագույն փորձով, միջազգային ստանդարտներով: Ներդաշնակեցման գործընթացն իրականացվելու է անդամ պետությունների փոխգործակցությամբ և յուրաքանչյուր անդամ պետություն ինքն է որոշելու, թե որ օրենսդրական նորմատիվ իրավական ակտերն են ենթակա ներդաշնակեցման: Համաձայնագիրը հաստատելուց հետո 9-ամսյա ժամկետում պետք է պատրաստվի համապատասխան միջոցառումների ցանկ: Համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռուսաստանն ու Բելառուսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում