Հասարակական

Կրթական ոլորտի արդիականացմանը միտված հանդիպումներ. Մխիթար Հայրապետյանի այցը Շվեդիա ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Կրթական ոլորտի արդիականացմանը միտված հանդիպումներ. Մխիթար Հայրապետյանի այցը Շվեդիա ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 4-5-ը գտնվում էին Շվեդիայի Թագավորությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, պատգամավորներն այցելել են Ռիկսդագ, որտեղ հանդիպել են կրթության հանձնաժողովի նախագահ Գունիլա Սվանտորպի հետ: Շվեդական կողմը ներկայացրել է կրթության ասպարեզում հաջողությունները: Քննարկվել են կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մխիթար Հայրապետյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը եղել են նաեւ շվեդական հայտնի «Ֆրուշուսետ» երիտասարդական կազմակերպությունում, որտեղ խրախուսում են պատանիների զարգացումը եւ նրանց կրթական նոր հնարավորություններ ընձեռելը: Մխիթար Հայրապետյանի խոսքով` առաջիկայում նախատեսվում է նմանատիպ մի կենտրոն հիմնել նաեւ Երեւանի արվարձաններից մեկում:

«Հաջորդիվ խորհրդարանականները Շվեդիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչների հետ այցելել են Շվեդիայի՝ մեծությամբ չորրորդ` Ուփսալա քաղաք, որտեղ հանդիպումներ են ունեցել երկրի գյուղատնտեսական գիտությունների, ինչպես նաեւ Ուփսալայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Վերջիններիս հետ հայ պատգամավորները քննարկել են հայկական բուհերի հետ Ուփսալայի համալսարանի համագործակցության հեռանկարները: Համալսարանում շրջայցից հետո Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել շուրջ 6 դար գործող համալսարանի գրադարանի այցելուների մատյանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում