Հասարակական

ՊԲ զորամասում վիրավորված զինվորի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր

3 րոպեի ընթերցում

ՊԲ զորամասում վիրավորված զինվորի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում վիրավորված զինվորի առողջական վիճակում դրական դինամիկա կա, սակայն նա դեռ մնում է ծայրահեղ ծանր վիճակում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Նա անդրադարձավ դեպքի հետ կապված տարածված տեղեկություններին և դիտարկումներին՝ նշելով, որ դրանց մի մասն անհիմն է:

«Օրինակ, լսել եմ, ասում են, թե վիրավոր զինծառայողը Ստեփանակերտի հոսպիտալում է գտնվում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Առնվազն երկու օր առաջ մենք կազմակերպել ենք նրա տեղափոխումը Երևան, և Հայաստանի լավագույն բժիշկները մասնակցել են նրա բուժմանը, այդ թվում՝ վիրահատական միջամտությանը: Ես տպավորություն ունեմ, թե հասարակության մեջ փորձ է արվում դժգոհություն հրահրել»,-ասաց Գաբրիել Բալայանը:

Նախարարի տեղակալն անընդունելի համարեց կոնկրետ այս բացասական դեպքը ընդհանուր զորամասի հետ կապելը:

«Այդ զորամասը բավական տպավորիչ մարտական ուղի ունի: Հարցրե՞լ եք, թե այդ զորամասում Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրված քանի սպա է ծառայություն անցնում, քանի «Մարտական խաչ» ունեցող զինծառայող է զորացրվել այդտեղից: Ի վերջո, չմոռանանք, որ դա Քյարամ Սլոյանի ծառայած զորամասն է, Արմենակ Ուրֆանյանի ծառայած զորամասն է: Որևէ բացասական դեպք զորամասով պայմանավորելը ես գտնում եմ անթույլատրելի»,-ասաց Գաբրիել Բալայանը:

Նա տեղեկացրեց, որ դեպքի հետ կապված քրեական գործը հարուցված է, օպերատիվ միջոցառումներն իրականցված են, նյութերը հանձնվել են համապատասխան կառույցին: ՀՀ ՊՆ-ն պարբերաբար կապի մեջ է Պաշտպանության բանակի հրամանատարության հետ:

2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում