Վարչապետը նվիրատվությունների հայտնի թեմայի կոնտեքստում առաջնային է համարում հանրային շահը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «բնական աղետ» է համարում Երևանում աղբահանության հետ կապված խնդիրները, որոնց հաղթահարման համար օգնության առաջարկ մերժելն անտրամաբանական կլիներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի` Երևանի քաղաքապետարանի ստացած վերջին հայտնի նվիրատվություններին առնչվող հարցին::
«Հետևյալ օրինակը բերեմ. երբ քաղաքում բանական աղետ է, ու երբ ինչ-որ մեկն առաջարկում է այդ աղետը հաղթահարելու գործում աջակցել, շատ անտրամաբանական կլինի, եթե դա մերժվի: Կարծում եմ, որ այն իրավիճակը, որը աղբի հետ կապված կար, ըստ էության բնական աղետի նման բան էր: Դա նույնն էր, որ ջրհեղեղ լիներ, ու որևէ մեկը ջուր քաշող մեքենա առաջարկեր, ասեին` եկեք կողմնորոշվենք»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց նաև, որ վերջին օրերին, երբ շատ է քննարկվել Սամվել Ալեքսանյանի թեման, ինքը տեղեկություններ է պահանջել, և պարզել, թե նույն մարդուն պատկանող ընկերությունների հետ ինչ է եղել նվիրատվություններից թե առաջ, թե հետո: «Երևանի քաղաքապետարանը հետ է վերցրել ու համայնքին է վերադարձրել մի սեփականաշնորհված մանկապարտեզ: Նրա ընտանիքին պատկանող մի շինարարության կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը շատ խոշոր տուգանք է գրել: Օպերայի շրջակայքում նույն մարդն ուներ սրճարան, որը ապամոնտաժված սրճարանների թվում էր»,-նշեց վարչապետը:
Վարչապետը նշեց` շինարարությունների թույլտվությունների հետ կապված միշտ կա սուբյեկտիվիզմի գործոն: Նա բերեց հետևյալ օրինակը, երբ կառուցապատողը ցանկանում է 22 հարկանի շենք կառուցել, սակայն քաղաքապետարանը կարող է տալ միայն 10 հարկանի շենքի կառուցման թույլտվություն, քանի որ այդ տարածքում աղբահանությունը, էլեկտրականությունը նախատեսված են այդ կարգի ենթակառուցվածքի համար: Եվ այդ կառուցապատողը պատրաստակամություն է հայտնում ողջ ծախսն իր վրա վերցնել, ներդրում կատարել, օրինակ, աղբահանության համակարգում:
«Ուզում եմ ասել, որ շատ բազմակողմ շահերի բախում կա: Քաղաքը մի դեպքում շահագրգռված չէ, սակայն մյուս կողմից ուզում ենք, որ ներդրումներ լինեն: Եվ այս շղթայի մեջ, այո, կարող են լինել որոշ պայմանավորվածություններ: Ուրիշ բան, որ մեր տեսակետն այն է, որ փորձենք այդ ամենը դե յուրե ձևակերպել, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը կարողանանք կառավարել, որպեսզի առաջնային լինի հանրային, այլ ոչ թե ինչ-որ մարդկանց անձնական շահը և քմահաճույքը»,-եզրափակեց Փաշինյանը:
Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Երևան քաղաքին«Ալեքսընդհոլդինգ»ՍՊԸ-ի կողմից արված նվիրատվությունը: ՍՊՆ-ն քաղաքիննվիրելէ3հատբազմաֆունկցիոնալԿամԱԶ43253-3010-69, «ԷյչբիԷմգրուպ»ՍՊԸ-ն՝1հատԿամԱԶ65115-773962-50: