Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարում Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքը

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարում Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարում քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանի կողմից Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այդ մարդը չգիտի, թե ով է Գրիբոյեդովը, ինչ դեր է ունեցել, և ինչի համար են նրան սպանել: Վանդալիզմ է, որն անընդունելի է, և որևէ աղերս չունի իր նշած նպատակի հետ: Ընդամենն աչքի ընկնելու անհաջող փորձ է, որն, ի ուրախություն ինձ, հանրության գրեթե բոլոր շերտերի մոտ բացասական արձագանք ստացավ»,- ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանը նշեց, որ այդ հարցով միանշանակ պետք է զբաղվեն իրավապահները:

Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքով քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ոստիկանության բաժնում է: «Շահեն Հարությունյանը ներկայացել է բաժին՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու»,- ասացին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ կարմիրով ներկել է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան ՌԴ Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկմանը:

Անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին` ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը նշել էր, որ վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։

«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունն իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ընդգծել էր Վլադիմիր Կարապետյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում