Հայ-կատարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի արտաքին գործերի նախարարությունում նոյեմբերի 17-ին քաղաքական խորհրդակցություններ կայացան երկու երկրների արտգործնախարարությունների միջև, որի շրջանակներում առանձնացվեցին առաջիկա ժամանակահատվածի համար համագործակցության զարգացման կարևոր ուղղությունները։ Գրեթե միաժամանակ կայացավ ՀՀ նախագահի այցը Կատար, և հայտարարվեց, որ Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը: Հայաստանը դեռևս 2017թ. է Կատարի քաղաքացիներին ազատել ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից:

Երևանի և Դոհայի միջև վերջին տարիներին առկա բարձր մակարդակի շփումները զգալի դրական հիմք են ապահովում հարաբերությունների խորացման համար: 2019թ. սկզբին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Դոհայում ՀՀ դեսպանություն հիմնելու մասին՝ նոր փուլ ազդարարելով մերձավորարևելյան այս կարևոր երկրի հետ հարաբերություններում: Իր հերթին, կատարական կողմը պատրաստակամություն է հայտնել պատասխանել փոխադարձության սկզբունքով և Երևանում բացել Կատարի դեսպանություն:

Հատկանշական է, որ ՀՀ մերձավորարևելյան ավանդական գործընկերների հետ համագործակցության շարունակական խորացումը և նոր ուղղություններով համագործակցության խթանումը բխում է ՀՀ Կառավարության ծրագրում ամրագրված դրույթներից («Արտաքին քաղաքականության ոլորտում Կառավարությունը ընդլայնելու է փոխգործակցությունը Մերձավոր Արևելքի գործընկեր երկրների հետ»): Ընդ որում, մերձավորարևելյան ավանդական գործընկերների հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը զուգահեռ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում Ծոցի երկրներում Հայաստանի ներգրավվածության ընդլայնմանը: Այս տեսանկյունից տարածաշրջանային ակտիվ դերակատարներից մեկի՝ Կատարի հետ առևտրատնտեսական կապերի և դիվանագիտական հարաբերությունների ամրապնդումն օրակարգային խնդիր է դիտարկվում:

Պետք է նշել, որ հայ-կատարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Մասնավորապես, վերջին տարիներին Հայաստանի և Կատարի միջև ապրանքաշրջանառությունը զգալի աճ է արձանագրել, ուսումնասիրվում են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, քննարկվում են էներգետիկայի, սննդի անվտանգության, լոգիստիկ ենթակառուցվածքների, բանկային և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Միևնույն ժամանակ, Հայաստանն ու Կատարը փաստացի քաղաքական հակասություններ չունեն, ինչը մեծապես նպաստում է քաղաքական համագործակցության խորացմանը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային տարատեսակ հարթակների շրջանակներում (հատկապես այն կառույցներում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, օրինակ, ԻՀԿ-ն): Այս տեսանկյունից հատկապես կարևորվում է երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի գործարկումը, որը հնարավորություն է տալիս տեսակետներ փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային խնդիրների, միմյանց համար զգայուն հարցերի և դիրքորոշումների վերաբերյալ:

Հայ-կատարական հարաբերությունների շարունակական զարգացման համար նպատակահարմար է դիտարկել Հայաստան-Կատար միջպետական իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և հայ-կատարական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման հնարավորությունը՝ նպատակ ունենալով նոր խթան հաղորդել երկկողմ համագործակցությանը և իրացնել առկա ողջ ներուժը:

Արփինե Հովսեփյան

Հայերեն

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր