Պաշտոնական

ՀՀ նախագահը համագործակցության հեռանկարներն է քննարկել Կատարի ներդրումային հիմնադրամի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը համագործակցության հեռանկարներն է քննարկել Կատարի ներդրումային հիմնադրամի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը։

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև կարևորվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Qatar Investment Authority-ի միջև արդյունավետ փոխգործակցության հաստատումը։

Որպես Հայաստանի հետ հնարավոր համագործակցության ուղղություններ մասնավորապես նշվել են էներգետիկայի, սննդի անվտանգության, լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կառույցների՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Qatar Investment Authority-ի միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, համագործակցության հետագա հնարավորությունների վերաբերյալ քննարկումների շարունակման մասին։

Qatar Investment Authority-ը Կատարի պետական ներդրումային հիմնադրամն է, որը ներդրումային ծրագրեր է իրականացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ներդրումային հիմնական ուղղություններից են համարվում անշարժ գույքի, արժեթղթերի և այլ ոլորտները։ Qatar Investment Authority կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է շուրջ 335 միլիարդ դոլար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում