ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը չի պնդում, որ 2020թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը երազանքների նախագիծ է, բայց այն համարում է վառ ապացույց, որ գնացքը շարժվում է ճիշտ ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում:
«Եթե ես բնութագրեի կառավարության կարգախոսը, որով առաջնորդվում է կառավարությունն իր տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս, ես պետք է մեջբերեի երկու բառ՝ մասնակցայինություն և ներառականություն: Իմ ընկալմամբ, հենց այս երկու բառերով է առաջնորդվում կառավարությունը: Սա չի նշանակում, որ մենք տեղ ենք հասել և ունենք մեր երազանքների բյուջեն, և այդպիսի բան երբեք չի կարող լինել, բայց այս բյուջեն շատ վառ ապացույց է, որ մեր գնացքը ճիշտ երկաթգծերի վրա ենք դրել, և ընթանում ենք ճիշտ ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ այս բյուջեն հեղափոխական չէ, և իրենք դեմ են քվեարկելու 2020թ. պետական բյուջեի նախագծին:
ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստերում բյուջեի քննարկումը մեկնարկել է նոյեմբերի 13-ին:
Նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս բյուջեն այլ կերպ չի կարող համարվել, քան հեղափոխական: