Սփյուռք

ՀԲԸՄ և ՀԵԸ պատվիրակությունն այցելել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն

2 րոպեի ընթերցում

ՀԲԸՄ և ՀԵԸ պատվիրակությունն այցելել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիրիայի շրջանային հանձնաժողովի և Հայ երիտասարդաց ընկերակցության գործադիր մարմնի անդամներն այցելել են Հալեպում տեղակայված ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն: Այցելությունը կազմակերպվել է Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության կողմից:

Հանդիպման ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետության ՀԲԸՄ ատենապետ Ներսես Ներսոյանը խոսել է սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերի մասին՝ նշելով, որ հայերը եղել են և կլինեն սիրիական հասարակության անբաժանելի մասը: Նա անդրադարձել է Սիրիայի մշակույթի, արվեստի, գիտության և կրթության ոլորտներում հայ համայնքի և, մասնավորապես, ՀԲԸՄ ունեցած մեծ ավանդին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, Ներսես Ներսոյանը երախտագիտության խոսքեր է փոխանցել ՀԲԸՄ անունից՝ ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության վերաբերյալ՝ շեշտելով, որ խմբի մարդասիրական աշխատանքներն արժանացել են Սիրիայի ժողովրդի բարձր գնահատանքին:

Գլխավոր հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանի խոսքով՝ հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողմից: Նա նշել է, որ խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված Սիրիայի ժողովրդի հոգսերի կրճատմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայություններ տրամադրելուն: Պատվիրակության անդամներն այցելել են խմբի կեցավայր, շփվել հայ մասնագետների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում