Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

3 րոպեի ընթերցում

Անուշ Գասպարյան
Անուշ Գասպարյան

ՆՅՈՒ ԴԵԼԻ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է հայկական գաղթօջախների հետ կապերի ամրապնդումն ու խորացումը, ինչի առթիվ դեռ 2022 թվականին կյանքի կոչվեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հնդկաստանի կողմից ծրագրում ընդգրկված Անուշ Գասպարյանը հայտնեց, որ այդ նախաձեռնությունն ինքնին հիանալի փորձառություն է տվել մասնակիցներին՝ նրանց ընձեռելով մեծ հնարավորություններ՝ սերտ կապեր հաստատելու Հայաստանի հետ:

Ծրագիրը կազմակերպվել էր ՀՀ կառավարության կողմից՝ ի դեմս Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի, որն իր հերթին հետաքրքիր նախաձեռնության մասին ԱԳՆ-ի միջոցով տեղեկացրել էր ՀՀ դեսպանություններին: Վերջիններս էլ այդ մասին հայտնել էին իրենց տեղակայման երկրների հայկական համայնքներին: Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը երաշխավորել էր համայնքի ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկին՝ Անուշ Գասպարյանին: 

«Հնդկաստանի մեր համայնքը ծրագրի միջոցով հնարավորություն ունեցավ ավելի հստակ կապեր հաստատել ոչ միայն պետական գերատեսչությունների, այլև մասնավոր կազմակերպությունների հետ և, անշուշտ, հնարավորություն տվեց ավելի ամուր կապեր հաստատել նաև հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախների հետ՝ իրականացնելով փոխանակման ծրագրեր և հաստատելով օգտակար ծանոթություններ հատկապես երիտասարդ և կարող ուժերի միջև: Այդ նախաձեռնությունը նաև լավ հնարավորություն է միավորելու մեր ազգին»,- ասաց Գասպարյանը: 

Նա հավելեց, որ ի սկզբանե մեծ ուշադրություն է դարձվել այն հանգամանքի վրա, թե ծրագրի շահառուներն ինչ կարող են տալ իրենց համայնքներին և ինչպես կարող են կյանքի կոչել ծրագրի գաղափարները: 

«Լինելով հնդկահայ համայնքում՝ ներսից բավականին քաջածանոթ եմ առկա խնդիրներին, հետևաբար դեռ այն ժամանակ առանձնացրել էի կարևոր կետերը, որպեսզի ծրագրին մասնակցելու միջոցով փորձեի դրանց համար գտնել համապատասխան լուծումներ: Նյու Դելիի հայկական համայնքը փոքրաթիվ է՝ սփռված ինչպես Հնդկաստանի մայրաքաղաքում, այնպես էլ արվարձաններում և հարակից նահանգներում, հետևաբար, համախմբման գործընթացը կապված է որոշակի դժվարությունների հետ»,- նշեց մեր զրուցակիցը:

Գասպարյանը տեղեկացրեց, որ իրենց ջանքերով Նյու Դելիում ստեղծվել է առցանց հայկական դպրոց, որը կարող է համախմբող դերակատարություն ունենալ: Այդ քայլը նույնպես դարձավ վերոհիշյալ ծրագրի կարևոր արդյունքներից մեկը: 

Անդրադառնալով համայնքի առօրյա կյանքին՝ Գասպարյանը կարևորեց նաև իրենց կապը տեղի հայկական մշակութային կենտրոնի և հատկապես ՀՀ դեսպանության հետ: նա ընդգծեց, որ դեսպանությունը միշտ պատրաստակամ է լսել հայրենակիցների կողմից բարձրաձայնվող հարցերը և հնարավորության սահմաններում աջակցել նրանց, որպեսզի կյանքի կոչվեն առավել կարևոր նախագծերն ու լուծվեն մեր հայրենակիցներին հուզող խնդիրները:  

Մանվել Մարգարյան  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում