11 րոպեի ընթերցում
Հայաստանի կառավարության, Եվրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ ջանքերով Երևանում մեկնարկել է Կանաչ գյուղատնտեսության միջազգային կոնֆերանսը, որը նվիրված է գյուղատնտեսական ոլորտի կայուն զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում կանաչ, կայուն, օրգանական գյուղատնտեսության խթանմանը։
Միջազգային համաժողովը մեկ հարկի տակ է հավաքել տարբեր երկրներից Հայաստան ժամանած գիտնականների, հետազոտողների, կրթության ոլորտի ներկայացուցիչների, գյուղատնտեսների ու գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն մշակողների, ինչպես նաև ֆերմերների ու արտադրողների, որոնք երկօրյա համաժողովի ընթացքում հայաստանյան գործընկերներին կներկայացնեն կայուն զարգացման ժամանակակից լուծումները, նորարար մեթոդները, նորարարական ձեռքբերումները և գյուղատնտեսության ոլորտին վերաբերող բազմաթիվ այլ հարցեր։
Համաժողովի ընթացքում մասնակիցներն անդրադարձ կկատարեն կանաչ գյուղատնտեսության խթանման քաղաքականության գործիքներին, էկոլոգիական կայունության ու կլիմայական խելամիտ գյուղատնտեսության թեմային, որի շրջանակներում կիրականացվի նաև փորձի փոխանակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում մեկնարկած կոնֆերանսին մասնակցում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, դասախոս, կոնֆերանսի նախագահ և համակարգող Վարդան Ուռուտյանը, «ԵՄ կանաչ գյուղատնտեսությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերն, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
Կոնֆերանսի նախագահ, համակարգող Վարդան Ուռուտյանն, անդրադառնալով «Կանաչ գյուղատնտեսություն» հասկացությանը և Հայաստանի տնտեսության համար դրա կարևորությանը, նշեց, որ, ընդհանրապես, «Կանաչ գյուղատնտեսություն» ասելով՝ հասկանում ենք կլիմայական խելամիտ տեխնոլոգիաների տարածումը։
«Այս կոնֆերանսի նպատակն է տարածել, խթանել կանաչ, կայուն, օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում և քննարկել, թե ինչ հաջողված փորձ կա աշխարհում, և ինչ կարող ենք անել, որպեսզի թե՛ գյուղատնտեսական քաղաքականության մեջ, թե՛ կրթության, գիտության մեջ կարողանանք խթանել հենց կանաչ գյուղատնտեսության գործելակերպերը։ Այսօր շատ են կարևորվում նման հարակայուն գործելակերպերը, որովհետև մենք ունենք կլիմայի փոփոխություն, հողերի դեգրադացիա, կենսաբազմազանության կորուստ, ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարում, և նման խնդիրները նույնպես Հայաստանում շատ են, ու այս կոնֆերանսի նպատակն է նաև բարձրաձայնել այս բոլոր խնդիրները, խոսել մարտահրավերների մասին, որը հենց կլիմայի փոփոխությունն է, և խոսել, թե ինչպես կարող ենք, օգտագործելով բարձր տեխնոլոգիաները, նորարար լուծումները և այս կայուն, կանաչ գործելակերպերը, զարգացնել Հայաստանի գյուղատնտեսությունը, այսինքն՝ բարձրացնել դիմակայունությունը, դիմադրողականությունը»,-ընդգծեց Վարդան Ուռուտյանը։
Խոսելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում արված գործնական հետազոտությունների մասին՝ Ուռուտյանը շեշտեց, որ նման հետազոտություններ կատարվել են, և անցկացվող գիտաժողովի նպատակն է նաև ներկայացնել վերջին տարիներին Հայաստանում արված նմանատիպ հետազոտությունների արդյունքները։
«Կոնֆերանսի նպատակն է նաև ներկայացնել, թե ինչ հետազոտություններ են արվել վերջին տարիներին Հայաստանում․ կլինեն մոտ 20 գիտական զեկույցներ, 30-ից ավելի գիտական պաստառների ձևով զեկույցներ, կան բազմաթիվ զեկույցներ, որոնք այս կամ այն չափով առնչվել են կանաչ գյուղատնտեսությանը վերաբերող ծրագրերին, և սա կլինի շատ հետաքրքիր հարթակ կրթության, գիտության, տեխնոլոգիաների բնագավառներում իրականացված այս հետազոտությունները իմի բերելու տեսանկյունից»,-նշեց Ուռուտյանը՝ հավելելով, որ կոնֆերանսի նպատակն է նաև այս թեմաների շուրջ խոսել կառավարության հետ և հասկանալ՝ ինչպես կարելի է աջակցել գյուղատնտեսության քաղաքականության մշակմանը, որպեսզի այն լինի կլիմայակայուն կամ խելամիտ կլիմայական և կանաչ գյուղատնտեսությանը համահունչ, ինչպես նաև ոլորտին վերաբերող հաջողված փորձը տեղ գտնի կառավարության քաղաքականության մեջ։ Նա նաև հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական բնույթ կկրի։
«ԵՄ կանաչ գյուղատնտեսությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը, ներկայացնելով ծրագրի բուն էությունը, նշեց, որ համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության աջակցությամբ և Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
«Կոնֆերանսը համախմբում է ժամանակակից, նորարարական մոտեցումներով մարդկանց, և նրանց, ովքեր աշխատում են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտներում՝ նպատակ ունենալով կապել գործնական իրականացումը նորարարական մոտեցումների հետ: Մենք, իհարկե, ունենք գյուղատնտեսության մեծ բազմազանություն՝ առևտրային, տնային տնտեսությունների մակարդակներում։ Վերջին տարիներին Հայաստանում առևտրային գյուղատնտեսության մեծ աճ է նկատվում, և կարծում եմ, որ այդտեղ ժամանակակից տեխնոլոգիաների կարիք կա։ Մենք աշխատում ենք նոր մոտեցումներով, որոնք ռեսուրսներ խնայող են, ավելի լավ են շրջակա միջավայրի համար, օգտագործում են ավելի քիչ ծավալով ջուր և էլեկտրաէներգիա կամ օգտագործում են վերականգնվող էլեկտրաէներգիա: Ես տեսնում եմ, որ Հայաստանի գյուղատնտեսության մեջ մեծ փոփոխություն կա։ Երբ 2004 թվականին եկա Հայաստան, խանութներում սահմանափակ քանակությամբ ապրանքներ տեսա, իսկ այժմ մեծ տեսականի կա»,-նշեց Պասկալ Բոկկերսը։
Բոկկերսը նաև կարծիք հայտնեց, որ գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում ավելի կզարգանա, քանի որ մարդիկ հետաքրքրված են կանաչ արտադրությամբ։
«Կարծում եմ, որ մենք պետք է հաշվի առնենք, որ այժմ ոլորտը մեծ պահանջարկ ունի․ հատկապես երիտասարդները հետաքրքրված են բնապահպանական իրավիճակով: Կարծում եմ, որ ներուժ կա: Հայաստանը պետք է հաշվի առնի, որ տնտեսության մի զգալի մասը դեռ գյուղատնտեսությամբ է պայմանավորված։ Շատ մարդիկ աշխատում են գյուղատնտեսության ոլորտում, և կարծում եմ, որ սննդի արտադրության մեջ ավելի ինքնաբավ լինելու կարիք կա: Էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությունը զարգացնելու լավ ներուժ կա»,-ընդգծեց «ԵՄ կանաչ գյուղատնտեսությունը Հայաստանում» ծրագրի ղեկավարը:
Անդրադառնալով ծրագրի տևողությանը՝ Պասկալ Բոկկերսը հայտնեց, որ այն սկսվել է 2019 թվականին և կավարտվի 2025 թվականի մայիսին։
««Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնություն Հայաստանում» ծրագրում Եվրամիությունը կատարել է 9,7 միլիոն եվրոյի, իսկ Ավստրիայի կառավարությունը՝ 3,6 միլիոն եվրոյի ներդրում: Ներդրված գումարը դրամաշնորհ է, նվիրատվություն է։ Մեկ տարի է, ինչ մենք նաև աջակցում ենք 80 տարբեր ֆերմերների, որոնք Արցախից տեղափոխվել են Հայաստան։ Այդ աջակցության շրջանակներում ունենք յոթ փաթեթ՝ թռչնաբուծությունը, նապաստակաբուծությունը, չրերի արտադրությունը, ջերմոցները և այլն»,-ներկայացրեց Պասկալ Բոկկերսը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը շեշտեց․ «Ծրագրի անցկացումը մեծ հնարավորություն է՝ մի կողմից ուշադրություն դարձնելու գյուղատնտեսության զարգացման հեռանկարային ուղղությունների վրա, մյուս կողմից` համախմբելու ոլորտում փորձառություն ունեցող տարբեր մասնագետների՝ իրենց մտքերով կիսվելու, փորձի փոխանակում իրականացնելու և հետագայում համագործակցության լայն շրջանակներով, ավելի առաջանցիկ տեմպերով, նույն բարեհաջող ու բարեկեցությանը նպաստող գործունեությանը նպաստելու և զարգացնելու համար»։
Հրաչյա Զաքոյանը նաև նշեց, որ գիտաժողովին մասնակցում են եվրոպական երկրներից հրավիրված բազմաթիվ հյուրեր, որոնք կներկայացնեն իրենց երկրի փորձը։
«Գյուղատնտեսություն չի նշանակում միայն այն, ինչ մենք ուղղակի պատկերացնում ենք, այլ այն է, երբ բնությունը ճանաչելով, օրինաչափությունները պատկերացնելով՝ կարողանանք կազմակերպել մեր գործունեությունը և արդյունքում ստեղծենք բարիքներ` բնության հետ ներդաշնակ համագործակցելու եղանակով։ Կոնֆերանսը, միանշանակ, հանդիսանում է միջազգային փորձով կիսվելու հարթակ և, բնականաբար, մեզ մոտ գոյություն ունեցող փորձն այս առումով չեմ ասում՝ բացակայում է, բայց ավելի համեստ է, քան թույլ կտա այս նույն համագործակցության շրջանակներում ունենալ։ Եթե խոսքը վերաբերում է կանաչ և կայուն գյուղատնտեսությանը, ապա դրա շեշտադրումը հետևյալն է․ բնության օրինաչափությունները ճանաչելով՝ կազմակերպել տնտեսական գործունեություն և բարիք ստեղծելու գործընթացում չստեղծել լուրջ խոչընդոտ կամ անբարենպաստ ապրելու պայմաններ բնության մեջ։ Այսօր ամբողջ առաջադեմ մարդկության համար կանաչ ու կայուն զարգացումը գերնպատակ է, իսկ մենք չենք ցանկանում այդ առաջադեմ մարդկությունից ոչ մի քայլով հետ մնալ»,-ընդգծեց Հրաչյա Զաքոյանը։
Ապրիլի 2-3-ն անցկացվող կոնֆերանսի շրջանակներում մասնակիցները դաշտային այց կկատարեն նաև Զաբել Եսայանի անվան ագրոբիզնեսի կենտրոն և Կանաչ ուսուցման կենտրոն։