Փաստ մեկնաբանությամբ

Լավրովի հայաստանյան այցի հիմնական ուղերձները

8 րոպեի ընթերցում

Լավրովի հայաստանյան այցի հիմնական ուղերձները

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս երկօրյա պաշտոնական այցով Երևանում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այցը բավական հագեցած էր հանդիպումներով (ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԳ նախարարի հետ) և այլ միջոցառումներով, որոնց ընթացքում հնչած հայտարարություններում առկա էին մի շարք կարևոր ուղերձներ: Հատկանշական է, որ այցին ընդառաջ Լավրովը հարցազրույց էր տվել նաև հայկական լրատվականներից մեկին՝ անդրադառնալով երկկողմ շահերին առնչվող տարբեր կարևոր խնդիրների:

Ս. Լավրովի հայաստանյան պաշտոնական այցը վերլուծելիս՝ կարելի է առանձնացնել մի քանի հիմնական ուղղություններ:

Հայ-ռուսական հարաբերություններ: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո սա ռուս դիվանագետի առաջին այցն էր դաշնակից երկիր, և բնականաբար, այցի նկատմամբ բավական մեծ էր ուշադրությունը թե՛ ԶԼՄ-ների, թե՛ վերլուծական շրջանակների կողմից: Հատկանշական է, որ այցին նախորդած հարցազրույցում և այցի ընթացքում Լավրովը բավական դրական գնահատականներ է տվել ինչպես հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլին, այնպես էլ ՀՀ նոր իշխանությունների հետ համատեղ աշխատանքին: Ս. Լավրովը, մասնավորապես, ռուս-հայկական բարձր մակարդակի երկխոսությունը որակել է «կառուցողական և վստահելի բնույթ կրող», իսկ ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ «հավասարակշռված և պատասխանատու»: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կողմից նման արձանագրումները բավական կարևոր են և, ըստ էության, փաստում են, որ ամիսներ շարունակ տարբեր քաղաքական ուժերի, փորձագետների կողմից հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հոռետեսական գնահատականները, մեղմ ասած, իրականության հետ որևէ առնչություն չունեն: Ավելին, վերջին մեկուկես տարվա ընթացքում, Հայաստանի կողմից եղել են հստակ քայլեր, որոնք համահունչ են եղել հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին և վստահաբար գնահատվել են նաև Մոսկվայի կողմից: Նման քայլերից են՝ Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելը, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի կարողությունների կրկնապատկման շուրջ պայմանավորվածությունը, կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության օրակարգը և այլն:

Բնականաբար, երկու դաշնակից երկրների միջև համագործակցության ոլորտներում առկա են և կարող են առաջանալ տարբեր հարցեր, ինչը բնական է, և, ինչպես հենց Լավրովն ընդգծեց ասուլիսի ընթացքում, կողմերը հանձնառու են դրանց կառուցողական ճանապարհով լուծմանը, փոխընդունելի լուծումների հասնելուն:

Ղարաբաղյան հիմնախնդիր: Հաշվի առնելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարևորությունը՝ բնական է, որ այն չէր կարող շրջանցվել Լավրովի այցի ընթացքում, ավելին, այս թեմայի հետ կապված ևս եղան կարևոր շեշտադրումներ: Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտգործնախարարը շեշտեց, որ անհրաժեշտ են քայլեր, որոնք «ուղղված կլինեն հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը՝ հիմքում ունենալով արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունները»: Սա փաստում է, որ համանախագահության մեջ ևս առկա է հնարավոր էսկալացիայի ռիսկերի նվազեցման կարևորության գիտակցումը, և այս համատեքստում բավական կարևորվում է դեռ 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո կողմերի միջև ձեռք բերված Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների իրականացումը:

ՌԴ ԱԳ նախարարի այցի ընթացքում արված մեկ այլ կարևոր շեշտադրում էլ ուղղակիորեն առնչվում էր Արցախի սուբյեկտայնությանը: Ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին, Լավրովը հստակ ընդգծեց, որ բոլորի (ԵԱՀԿ ՄԽ համանախագահների) համար հասկանալի է, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ ձևակերպել»: Բանակցային գործընթացի ինչ-որ փուլում Արցախի մասնակցության վերաբերյալ նախկինում համանախագահների կողմից տարբեր հայտարարություններ, իհարկե, եղել են, սակայն այս հայտարարությունն իր ձևակերպմամբ որոշակի առումով նորույթ էր՝ ընդգծող Արցախի ժողովրդի սուբյեկտայնությունը: Գաղտնիք չէ, որ հայկական կողմն այս հարցը վերջին շրջանում ակտիվորեն բարձրացնում է՝ պնդելով, որ բանակցային գործընթացում Արցախը պետք է ունենա որոշիչ ձայն և լիարժեք մասնակցություն: Եվ, ինչպես տեսնում ենք, այս մոտեցումն ավելի ու ավելի է ընկալելի դառնում նաև միջնորդների համար:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթաց վերաբերյալ ռուս դիվանագետի երրորդ ուշագրավ շեշտադրումը վերաբերում է ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ վերջնական պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի շահերը: Ըստ Լավրովի՝ «դժվար է վիճել այս մոտեցման հետ»: Նման արձանագրումը կարևոր է. սա մի կողմից ընդգծում է հայկական կողմի կառուցողականությունը, մյուս կողմից՝ ուղերձ է Բաքվին, որը ոչ միայն մինչ օրս անպատասխան է թողել այս հայտարարությունը, այլ նաև շարունակում է իր առավելապաշտական հռետորաբանությունը:

Հայ-թուրքական հարաբերություններ: Ե՛վ իր հարցազրույցում, և՛ ասուլիսի շրջանակներում Լավրովն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին, այդ թվում՝ Ցյուրիխյան գործընթացին: Նա, մասնավորապես ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ է օժանդակել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը... սակայն դրա համար երկու կողմերի հետաքրքրվածությունն է պետք»: Վերջին ամիսներին նկատվող ՌԴ-Թուրքիա մերձեցման ֆոնին՝ Հայաստանում ոմանք Լավրովի այս հայտարարության վրա հիմնվելով ենթադրեցին, թե Մոսկվան ունի հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման ինչ-որ նախաձեռնություն: Սակայն, իրականում, ՌԴ նման պատրաստակամությունը նոր չէ, և նախկինում ևս նույնաբովանդակ հայտարարություններ արվել են: Ավելին, Թուրքիայի ներկայիս իշխանությունների օրոք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում որևէ տեղաշարժ իրատեսական չէ:

Հայ-ռուսական երկկողմ օրակարգ: ՌԴ ԱԳ նախարարի այցի շրջանակներում քննարկվել են նաև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին, միջազգային հարթակներում համագործակցությանը և այլն: Հատկանշական է նաև այն, որ կողմերն ասուլիսի ընթացքում արձանագրեցին նաև առաջընթաց կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության ուղղությամբ. համագործակցության հուշագրի տեքստի շուրջ բանակցությունները ավարտված են, այն գտնվում է երկրների միջգերատեսչական համաձայնեցման փուլում: Ինչպես հայտնի է, այս թեման պարբերաբար բարձրացվում էր ռուսական կողմից՝ երբեմն դառնալով նաև շահարկումների առարկա: Կարելի է ենթադրել, որ այս հարցի վերաբերյալ բոլոր այդ շահարկումներին վերջ կդրվի, երբ ստորագրվի և իրականացման փուլ մտնի տվյալ հուշագիրը, որը ենթադրում է երկկողմ շարունակական փոխգործակցություն և թափանցիկություն:

Ամփոփելով ՌԴ ԱԳ նախարարի հայաստանյան այցը՝ այն կարելի է գնահատել կարևոր և արդյունավետ՝ թե՛ հայ-ռուսական հարաբերություններում երկկողմ կապերի և փոխըմբռնման ամրապնդման, թե՛ հարաբերությունների զարգացման ներկայիս փուլի վերաբերյալ կարևոր արձանագրումներ անելու տեսանկյունից:

Նարեկ Մինասյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում