Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական. Գոռ Սահակյան
1 րոպեի ընթերցում
![Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական. Գոռ Սահակյան](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/09/EBPRJPN1Eu9JWn07UMwalNq4cdzPwAWX8ZAuYIzR.webp)
Հայաստանի ծանրամարտի առաջնության ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ծանրորդ Գոռ Սահակյանն ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո կտեղափոխվի նոր քաշային կարգ, որը կլինի օլիմպիական:
«Մարզավիճակս գնահատում եմ մոտավորապես 70 տոկոսով պատրաստ: Քանի որ աշխարհի առաջնությունից հետո մեկ հավաք ենք անցկացրել, գերազանց մարզավիճակում չէի: Սակայն բավարար էին այն կիլոգրամները, որոնք բարձրացրեցի: Քիչ-քիչ հարմարվում եմ նոր քաշային կարգին, բայց Եվրոպայի առաջնությունից հետո քաշային կարգերը նորից փոխվելու են` ամենայն հավանականությամբ, 73 կգ կդառնա 71 կգ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը:
Վերջինիս խոսքով` միայն Եվրոպայի առաջնությունից հետո ինքը վերջնականապես կհստակեցնի քաշային կարգը, որը պետք է որոշի մարզիչների հետ համատեղ:
«Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական: Քաշային կարգ չփոխելու ուրիշ տարբերակ չունենք: Ամեն ինչ կանեմ, բոլոր սխալներս կուղղեմ»,-նշեց Հայաստանի չեմպիոնը:
Ծանրորդ Գոռ Սահակյանը 2023, 2024 թվականների Եվրոպայի առաջնությունների չեմպիոն է, 2023 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: