ՀՀ նախագահն առաջարկել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հանդիպումն անցկացնել Հայաստանում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին առաջարկել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով հերթական հանդիպումն անցկացնել Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 5-ին մամուլի համար հայտարարության ընթացքում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ես առաջարկեցի պարոն նախագահին, որպեսզի դիտարկեն Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հանդիպումը մյուս տարի հուլիսին Հայաստանում անցկացնելու հնարավորությունը, որին կմասնակցեն և' պետական գործիչները, և' սփյուռքի ներկայացուցիչները, ու կկարողանանք համագործակցության ծրագիր մշակել»,- ասաց Սարգսյանը:
2019թ. հունիսի 4-ին Նիկոսիայում կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ հանդիպումը՝ երկրների ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Յորգոս Կատրուգալոսի և Նիկոս Խրիստոդուլիդեսի մասնակցությամբ: Արտգործնախարարները համաձայնության են եկել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործընկերության հաստատման շուրջ, որի նպատակն ընդլայնված քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով երեք երկրների միջև խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է:
Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց են կատարել Արմեն Սարգսյանի հրավերով: