Արցախ

Արցախի Խորհրդարանի անկախ պատգամավորները միացել են Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական թիմին

2 րոպեի ընթերցում

Արցախի Խորհրդարանի անկախ պատգամավորները միացել են Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական թիմին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել անկախ պատգամավոր Էրիկ Ռոբիկի Հարությունյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնից:

Հոկտեմբերի 31-ին, «Ազատ հայրենիք» խմբակցությանն, իր դիմումի համաձայն, միացել է խորհրդարանի մեկ այլ անկախ պատգամավոր՝ Արամ Ալեքսեյի Սարգսյանը:

Խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի հետ կայացած հանդիպման ժամանակ պատգամավորները նշել են, որ այդ որոշումը կայացրել են՝ հաշվի առնելով կուսակցության կողմից առաջ քաշած ծրագրերը:

«Դա գիտակցված որոշում էր, քանի որ «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացրած Արցախի զարգացման տեսլականը հավակնոտ է և իրատեսական»,- նշել է թիվ 2 ընտրատարածքից (ք. Ստեփանակերտ), մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Արամ Սարգսյանը: Իսկ Շուշիի և Քաշաթաղի շրջաններն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Էրիկ Հարությունյանը նշել է, որ բարձր է գնահատում «Ազատ հայրենիք» կուսակցության անցած ճանապարհը և այն ներուժը, որն ունի կուսակցությունը:

«Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը ողջունել է անկախ խորհրդարանականների որոշումը և համոզմունք հայտնել, որ համատեղ գործունեությունն ավելի կբարձրացնի Խորհրդարանում խմբակցության ծավալած աշխատանքի արդյունավետությունը:

Հիշեցնենք, որ «Հայրենիք» խմբակցությունը Արցախի Խորհրդարանում ամենամեծն է և նոր պատգամավորների անդամակցության արդյունքում կունենա 16 պատգամավոր:

Տեղեկացնենք նաև, որ ԱՀ Խորհրդարանի 33 պատգամավորներից միայն Արամ Սարգսյանն ու Էրիկ Հարությունյանն էին, որ ընդգրկված չէին որևէ խմբակցության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում