Վարչապետը Բուլղարիայի փոխվարչապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հարցեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ դինամիկ բնույթ կրող բարձրաստիճան հանդիպումները նպաստում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացմանը և տնտեսական կապերի աշխուժացման նոր հնարավորությունների իրացմանը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս տարի մարտին հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի և դրա շրջանակում գործարար համաժողովի անցկացումը: «Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում փոխգործակցության խորացումը: Եվրոպական միությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի կարևորագույն գործընկերներից է, և Բուլղարիայի հետ հարաբերությունների ամրապնդումը, Արևելյան Եվրոպայի երկրների հետ փորձի փոխանակումը բխում է այդ տրամաբանությունից», - ասել է կառավարության ղեկավարը՝ երախտագիտություն հայտնելով Բուլղարիային ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ վավերացման համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում:

Բուլղարիայի փոխվարչապետը ևս նկատել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի պաշտոնական շփումները և քննարկումները, որոնք վերջին շրջանում բավական ակտիվ են, վկայում են հայ-բուլղարական կապերին փոխադարձաբար տրվող կարևորության մասին: «Բուլղարիան աջակցում է Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգին, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը և պատրաստ է կիսվել բարեփոխումների գործընթացում իր կուտակած փորձով: Պատահական չէ, որ Բուլղարիան ԵՄ երկրների շարքում առաջիններից էր, որ վավերացրեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», - նշել է Եկատերինա Զախարիևան:

ՀՀ վարչապետը և Բուլղարիայի փոխվարչապետն անդրադարձել են Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին, խոսել ժողովրդավարական բարեփոխումների՝ հակակոռուպցիոն պայքարի, դատաիրավական համակարգի, կառուցվածքային ռեֆորմների գործընթացում փորձի փոխանակման կարևորության շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության նախաձեռնությունների հեռանկարները:

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր: Տնտեսական համագործակցության նոր մակարդակ արձանագրելու համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է օդային ուղիղ կապի գործարկումը, որը կնպաստի գործարար շփումների, զբոսաշրջային այցերի ակտիվացմանը, ինչպես նաև հեռանկարային համարել տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում ծրագրերը: Եկատերինա Զախարիևան համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ՝ նշելով, որ օդային ուղիղ հաղորդակցությունը կխթանի փոխադարձ առևտրային, ներդրումային, զբոսաշրջային կապերի զարգացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս և վերոնշյալ ուղղություններով առարկայական արդյունքներ արձանագրելուն միտված անելիքների շուրջ:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար և ընդգծել, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եկատերինա Զախարիևան վերահաստատել է Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և նշել, որ Բուլղարիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցային գործընթացին:

Հայերեն English Français Русский

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը