Հայաստանի ամենամեծ մոլը այցելուներին մեգա հնարավորություններ է առաջարկում

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ամենամեծ մոլն իր դռներն է բացել այցելուների առջև. «Մեգամոլ Արմենիա»-ն մեգա հնարավորություններ է առաջարկում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամենամեծ մոլի կառուցման հիմքում ընկած է հայկականության գաղափարը: Այն ընդարձակ և լուսավոր առևտրի կենտրոն է, որտեղ հայկական ավանդական ճարտարապետական էլեմենտները համակցված են ժամանակակից աշխարհի արդի և կրեատիվ լուծումներին:

Յուրաքանչյուր մանրուք նախագծելիս և իրականացնելիս առավելապես ուշադրություն է դարձվել դրա արմատներին և նշանակությանը: Շենքի կառուցումն իրականություն է դարձել տեղի և դրսի պրոֆեսիոնալ մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում: Այն հարմարեցված է մոլի միջազգային չափանիշներին և առավելապես ծառայելու է այցելուների հարմարավետությանը: «Մեգամոլ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այստեղ ամենատարբեր նախասիրություններով և տարիքի մարդիկ կարող են գտնել իրենց հարմար և՛ խանութ- սրահներ, և՛ սննդի կետեր, ինչպես նաև խաղեր:

«Մոլում ներկայացված է լինելու 100-ից ավելի բրենդային խանութ` նոր և իրենց ամենամեծ կոնցեպտներով: Դրանց շարքում, բացի արդեն իսկ ծանոթ բրենդներից, կլինեն նաև մի շարք նոր բրենդներ»,- նշեց Մարտիրոսյանը:

Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի պողոտա 16 հասցեում բացված «Մեգամոլ Արմենիա»-ի կառուցումն ընդհանուր առմամբ տևել է շուրջ 5 տարի: Անդրադառնալով անվտանգության կանոններին` գործադիր տնօրենը շեշտեց, որ մոլը հագեցած է հակահրդեհային և ծխահեռացման համակարգի ամենավերջին տեխնոլոգիաներով: «Տարածքի բոլոր համակարգերը միացված են համակարգիչներին և անվտանգության աշխատակիցները պարտադիր վերահսկելու են այդ ամենը: Մոլի բոլոր հարկերում, ինչպես նաև խաղահրապարակում առկա են տարհանման ելքեր»,- ասաց Մարտիրոսյանը:

Առևտրի կենտրոնի մուտքի մոտ այցելուներին ողջունում է թվային և լուսային լուծումներով հագեցած գեղեցիկ շատրվանը, որն ընդգրկված է գինեսի ռեկորդների գրքում։ Այն ջրի և ներդրված համակարգի միջոցով կարողանում է արտապատկերել նկարներ, բառեր, նախշեր։ Այն կծառայի բոլոր հաճախորդների համար. յուրաքանչյուրը կկարողանա շատրվանի վրա գրել իր ցանկությունը, բարեմաղթանքը կամ շնորհավորանքը։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Մարտիրոսյանը նշեց, որ մոլի -1, -2, -3 հարկերում գործում է մոտ 1800 մեքենայի համար նախատեսված կայանատեղի:

«Այժմ ավելացվում է ևս մեկ հարկ, որը նախատեսված է եղել միայն աշխատակիցների համար, սակայն այն նույնպես կմիացվի մոլին, որպեսզի կարողանանք լիարժեք սպասարկել մեր հաճախորդներին: Կունենանք նաև մոտ 2000 մեքենայի համար նախատեսված դրսի ավտոկայանատեղի: Այստեղ ներդրված է smart համակարգ, որն այցելուներին հնարավորություն կտա լուսացույցի կարմիր և կանաչ գույների օգնությամբ հեշտությամբ կողմնորոշվել տարածքում: Ավտոկայանատեղիի բոլոր կողմերում կա վերելակ, իսկ մեջտեղի հատվածում՝ նաև շարժասանդուղք»,- եզրափակեց Դավիթ Մարտիրոսյանը:

Ավելի քան 98 հազար ք.մ. տարածք զբաղեցնող մոլը բաղկացած է 6 հարկից, որից 3-ը ստորգետնյա են: Մոլը բրենդային է և այնտեղ ներկայացված են տեղական և միջազգային շուրջ 100 բրենդ, որոնք ավելի հաճելի կդարձնեն հաճախորդների գնումները: Մոլի բոլոր բրենդային խանութները բացված են նոր և ամենամեծ կոնցեպտներով: Բացի խանութ-սրահներից. մոլում գործելու է նաև Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը, կինոթատրոն, ռեստորան-սրճարաններ, ֆուդկորտ: Այն ունի մեգակայանատեղի, ինչպես նաև մոլի ներսի տաքսի ծառայություն, որը հաճախորդին խանութներից կտեղափոխի մուտքի մոտ:

Մոլում ներկայացված է նաև Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը, որը վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից՝ Ֆաբրիցիո Իակոբինիի գլխավորությամբ: Որմնանկարը համարվում է պատմամշակութային հուշարձան և ՀՀ սեփականությունն է:

Լինելով հայկական ոճով կառուցված մոլ՝ այն առավելապես կնպաստի տուրիզմի զարգացմանը և կդառնա զբոսաշրջիկների սիրված վայր, Հայաստանի այցեքարտերից մեկը:

Լրագրողները տնօրենի ուղեկցությամբ շրջեցին մոլի բոլոր հարկերով՝ սկսած ավտոկայանատեղիից մինչև խաղահրապարակ:

Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը, որը կոչվում է Magic land, ընդհանուր առմամբ ունի շուրջ 9 հազար քմ տարածք: Այնտեղ ընդգրկված են այնպիսի խաղեր, որոնք նույն ձևաչափով որևէ այլ տեղում հնարավոր չէ գտնել: Խաղահրապարակում կա Formula 1 կարտինգ, որի մրցուղու երկարությունը շուրջ 1.2 կմ է: Այնտեղ հնարավոր կլինի վարել մինչև 65 կմ/ժամ արագությամբ մեքենաներով:

Magic land-ում կա մագլցման պատ, ինչպես նաև երեք հարկանի պարանների քաղաք: Իսկ ահա ինը հարկանի լաբիրինթն իր չափերով այնքան մեծ է, որ ներսում նույնիսկ սանհանգույցներ կան երեխաների համար: Օլիմպիական տրամբուլին բատուտը կծառայի ինչպես երեխաների, այնպես էլ ակտիվ սպորտի սիրահար երեխաների համար և կփոխարինի ֆիթնեսը:

Սինեմա սթար կինոթատրոնը այցելուներին կներկայանա տեխնիկական նորագույն հագեցվածությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխան գերհարմարավետ աթոռներով: Կինոթատրոնն ունի 4 դահլիճ, որից 3-ն ունի 175 նստատեղ, իսկ 4-րդը VIP սրահն է:

Ֆուդկորտում տեղ են գտել ամբողջ աշխարհի համերը՝ սկսած ամերիկյան, սիրիական արագ սննդից մինչև առողջ սնունդ: Այն նախատեսված է շուրջ 750 մարդու համար, հագեցված է յուրաքանչյուր տիպի սննդատեսակով:

«Մեգամոլ Արմենիա»-ում կան նաև սփյուռքի, ծաղիկների, սիրահարների, երազանքների և երաժշտության կամուրջներ: Մոլի ստեղծման կոնցեպտի հիմքում ընկած է հաճախորդների հարմարավետությունը, այդ իսկ պատճառով տարածքում կան նմանատիպ կամուրջներ: Երաժշտության կամրջի մոտ մշտապես հնչելու են հայ երգիչների և կոմպոզիտորների ստեղծագործություններ: Այստեղ վաճառվելու են համերգի, օպերայի և բալետի, թատերական ներկայացումների տոմսեր: Կամուրջները նաև կօգնեն այցելուներին հեշտ կողմնորոշվել մեգա տարածքում:

Մոլում գործում է ամենամեծ «Երևան սիթի» սուպերմարկետը, որն ունի ավելի քան 8 հազար քմ տարածք: Այնտեղ տեղում կբովվի սուրճ, կպատրաստվեն կոնֆետներ, գարեջուր, պանրի մի քանի տեսակ, կաթնաշոռ: Գնորդների աչքի առջև կթխվի նաև առանց գլյուտենի հաց, կգործի թոնրատուն:

Հայերեն العربية