Պաշտոնական

ՀՀ նախագահն ընդունել է «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադրին

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ընդունել է «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադրին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է գերմանական հայտնի «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերին: Ընկերությունը գրասենյակ ունի Երևանում, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում բիզնեսի զարգացման ոլորտում՝ ակտիվացնելու ներդրումների ներգրավումը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը Ուլֆ Շնայդերը հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել «Լիսաբոնից Վլադիվոստոկ» կոչվող նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն նպատակ ունի սերտացնել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև տնտեսական կապերն ու համագործակցությունը: Նա առաջարկել է նախաձեռնության կոնֆերանսը հաջորդ տարի կազմակերպել Հայաստանում:

«Հայաստանը Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև լավ կամուրջ է: Ինքս մասնակցում էի այս ամռանը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողովին», ոգեշնչված եմ այդ համաժողովով, և կարծում եմ՝ Հայաստանը լավ վայր է այս միջոցառումը հյուրընկալելու համար»,-նշել է Շնայդերը: Նա տեղեկացրել է, որ օրերս Բրյուսելում կայացել է նախաձեռնող խմբի հանդիպումը, որին մասնակցել են ինչպես Եվրոպական հանձնաժողովի, այնպես էլ ԵԱՏՄ ներկայացուցիչներ:

Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել նման նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել միջոցառման իրականացմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում