Քաղաքականություն

ԱԺ նախագահը անհասկանալի է համարում Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշումը

2 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը անհասկանալի է համարում Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հասկանալի չի համարում այն, որ խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիրքորոշում չունի «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց հոկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես կարծում եմ, որ քաղաքական ուժը, այն էլ խորհրդարանում ներկայացված երեք ուժերից մեկը, չի կարող այսպիսի առանցքային հարցերում դիրքորոշում չունենալ: Ես որքան որ ընդունել եմ «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերների՝ այս նախագծին կողմ քվեարկելու դիրքորոշումը, նույնպես էլ կընդունեի դեմ դիրքորոշումը: Չեմ հասկանում ԲՀԿ-ի դիրքորոշումը՝ չունենալ դիրքորոշում այսպիսի հարցի շուրջ»,- ասաց Միրզոյանը:

Ազգային ժողովի կողմից փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Կողմ քվեարկեց 98 պատգամավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում