Սփյուռք

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ընդլայնում է սահմանները

2 րոպեի ընթերցում

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ընդլայնում է սահմանները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի Հանրապետության մի շարք քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Համահայկական խաղերի 20-ամյա պատմության ընթացքում Ղազախստանի հայերը երբեք չեն մասնակցել որևէ միջոցառման:

Նուր-Սուլթանում ձևավորվել է Համահայկական խաղերի նորընտիր կոմիտե, որի նախագահ է նշանակվել գործարար Հայկ Սողոյանը:

Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ Իշխան Զաքարյանը և Հայկ Սողոյանը քննարկել են կազմակերպչական բազմաթիվ հարցեր:

Իշխան Զաքարյանը մեկնել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններ: ԱՄԷ Դուբայ քաղաքի 11-հոգանոց պատվիրակությունը Համահայկական խաղերի պատմության ընթացքում առաջին անգամ խաղերին մասնակցել է այս տարի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից, կոմիտեի նախագահը և ԱՄԷ- ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը հյուրընկալվել են ԱՄԷ- ում և Կատարում կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Եպիսկոպոս Սարգիսեանին: Թեմական խորհրդի անդամների և Աբու-Դաբիում համայնքի որոշ ներկայացուցիչների հետ քննարկվել են համահայկական հաջորդ խաղերի ընթացքում պատվիրակությունների ձևավորման և մասնակցության խնդիրները:

Մեսրոպ եպիսկոպոս Սարգիսեանը քաջատեղյակ էր և ոգևորված Համահայկական 7-րդ խաղերի անցկացման և հատկապես բացման արարողությամբ:

Նա տեղեկացրել է, որ բավականին գործ է արել Կատարում և հաջորդ խաղերին ակնկալվում է Դոհայի մասնակցությունը ֆուտզալ և բասկետբոլ մարզաձևերում:

Համատեղ քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ հաջորդ խաղերին բավականին ընդգրկուն մասնակցություն կունենան Շարժա և Աբու-Դաբի քաղաքները:

Մեսրոպ եպիսկոպոս Սարգիսեանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին պարգևատրել է իրենց բարձրագույն մեդալով:

Առաջիկայում սպասվում են Իշխան Զաքարյանի հանդիպումները Ռուսաստանի և եվրոպական այն քաղաքների ներկայացուցիչների հետ, որոնք փոքր թվով են մասնակցում կամ ընդհանրապես չեն մասնակցում Համահայկական խաղերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում