Սպորտ

Փաշիկ Ալավերդյանը հիասթափված է ընտրանու անդամի ելույթից

2 րոպեի ընթերցում

Փաշիկ Ալավերդյանը հիասթափված է ընտրանու անդամի ելույթից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հիասթափված է ընտրանու անդամ Անդրանիկ Կարապետյանի ելույթից աշխարհի առաջնությունում:

«Անդրանիկի հարցում ես ևս հիասթափված եմ: Չնայած, որ մեծ դժվարություններ հաղթահարելու արդյունքում հասավ աշխարհի առաջնություն: Դեռևս ընթացիկ տարվա հուլիսին թոքաբորբով էր հիվանդացել:Մարզումների ժամանակ, սակայն, նույնիսկ աշխարհի ռեկորդային քաշեր էր բարձրացնում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Մասնագետի պնդմամբ` Կարապետյանն իր քաշում չի կարող մասնակցել 96 կգ մարզիկների պայքարին: «Ձախորդ Փանոս, որ ասում են, Անդրանիկի համար են ասում, քանի որ հազարներից մեկի հետ կարող են նման բաներ պատահել, և հենց այդ մեկը նա է: Գուցե նաև ինքը չէր հավատում իր ուժերին»,-ասաց:

Գլխավոր մարզչի խոսքով` մարզիկները պետք է համագործակցեն մարզիչների հետ և ասեն, որ, օրինակ, ցավ ունեն ուսի հատվածում կամ մեկ այլ բողոք:

Թաիլանդի Պատայա քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց 81 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտավ նաև Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը: Վերջինս պոկում վարժության առաջին մոտեցմանը գլխավերևում պահեց 168 կգ, այնուհետև չկարողացավ երկու մոտեցմամբ բարձրացնել 172 կգ: Հայ ծանրորդը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը տապալեց բոլոր երեք մոտեցումներն էլ, չբարձրացրեց 195 կգ, «Զրո» ստացավ երկամարտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում