ՀՀ կառավարությունը շահագրգռված է Ղազախստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ. Վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է Ղազախստանի գործընկերոջը Երևանում և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգը: «Ցանկանում եմ նախ օգտվելով առթից ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Ղազախստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, գիտեմ նաև, որ Ղազախստանում բնակվող հայ համայնքի մեծ մասը ևս քվեարկել է Ձեր օգտին: Պարոն նախագահ, Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Ղազախստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ: Ուրախ եմ, որ վերջին շրջանում փոխգործակցությունն այդ ուղղությամբ ընդլայնվում է, սակայն առկա է մեծ ներուժ, որի իրացման ուղղությամբ պետք է հետևողական քայլեր իրականացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Եվրասիական տնտեսական միությունը ևս այդ ուղղությամբ մեծ հնարավորություններ է տալիս, որոնք պետք է օգտագործել:

Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ավելացրել. «Հայ ժողովրդի աչքերում տեսնում եմ կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն: Ուրախ եմ, որ Երևանը շարունակում է զարգանալ, այն իմ տեսած քաղաքներից ամենագեղեցիկներից մեկն է: Ղազախ ժողովուրդը ջերմ զգացմունքներ է տածում հայ ժողովրդի նկատմամբ, և մեր երկրի մոտ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ցանկությունը շատ մեծ է»: Կասիմ Ժոմարտ Տոկաևը ևս կարևորել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացումը և այդ համատեքստում համաձայնել վարչապետ Փաշինյանի հետ, որ անհրաժեշտ է ակտիվացնել հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ Ժոմարտ Տոկաևը քննարկել են էներգակիրների, գյուղատնտեսության, թվային տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին և հնարավորություններին վերաբերող հարցեր: Կողմերը փոխադարձ արտահանման և ներմուծման ծավալներն ավելացնելու առումով անդրադարձել են տրանսպորտային ենթակառուցվածքներին և առկա խնդիրների հաղթահարման հնարավորություններին:

Զրուցակիցները կարևորել են նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում, այդ թվում` ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի և այլ հարթակներում:

Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:

Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանը Կասիմ Ժոմարտ Տոկաևին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:

Հայերեն English Français Русский

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը