Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է «Իզմիրլյան» հիմնադրամի խորհրդի անդամ Գրեգորի Ջերեջյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Իզմիրլյան» հիմնադրամի խորհրդի անդամ Գրեգորի Ջերեջյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հիմնադրամի ներկայացուցիչը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մասին՝ նշելով, որ գործունեության ուղղությունները հիմնականում ներառում են առողջապահության, կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները: Անդրադարձ է եղել նաև առաջիկա ծրագրերին և անելիքներին:
Նախագահ Սարգսյանը ողջունել է հայրենիքում իրականցվող ծրագրերը, խրախուսել դրանց ընդլայնումը, ինչպես նաև հնարավորինս աջակցության պատրաստակամություն հայտնել: