Հասարակական

Կաթողիկոսն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականներին վերաբերող հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

Կաթողիկոսն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականներին վերաբերող հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ամենայն հավանականությամբ լուսաբանություններ կունենա վարչապետի Լոս Անջելեսում արված հայտարարության շուրջ:

«Այդ առնչությամբ եկեղեցին արդեն տեսակետ հնչեցրել է: Ամենայն հավանականությամբ վարչապետի վերադարձին Հայաստան այդ խնդրի առնչությամբ լուսաբանություններ կունենանք: Մենք պարբերաբար հանդիպում ենք վարչապետի հետ և քննարկում ենք եկեղեցուն և հայրենիքին հուզող խնդիրներ, հարցեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Վեհափառը:

Խոսելով երկրի քաղաքական կյանքից` նա ասաց, որ կան բավականին հարցեր, որոնք ծառացած են մեր երկրի առջև և հուզում են ժողովրդին, ու «այս հուզումները, բնականաբար, իրենց արտահայտությունն են գտնում հայրենական մեր կյանքում և սփյուռքի կյանքում»:

«Լիահույս ենք, որ բոլոր խնդիրները կլուծվեն, աղոթում ենք, որ մեր երկիրը ապրի խաղաղության մեջ ու լինի կայուն»,-ընդգծեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելեսում լրագրողների հետ ունեցած հանդիպմանը «Հայ կյանք» լրատվական կայքի ներկայացուցիչ Ոսկան Մխիթարյանը խնդրել է նրան անդրադառնալ իր այն հայտարարությանը, որ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու ներքին գործերին:

Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանել է. «Ես ցանկանում եմ հասկանալ` մենք ուզու՞մ ենք, որ կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ: Եթե պարզվի, որ հայ ժողովուրդը ցանկանում է, որ կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, կառավարությունը կքննարկի հայ ժողովրդի այդ պահանջը, կհասկանա, թե ինչպիսի գործնական հնարավորություններ կան»,-նշել է նա:

Վարչապետը շեշտել է. «Երբ մենք ասում ենք, որ ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ եզրակացնում են, որ մենք նախկին կառավարությանը նման չենք, թույլ կառավարություն ենք»,-ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ նրանք, ովքեր մտածում են քանդել այս կառավարության ոտքերի տակ, շատ ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն բառի թե’ բուն, թե’ փոխաբերական իմաստով: «Ես ցանկանում եմ բոլորին զգուշացնել, որ մեր ժպիտները, մեր հարգանքը, թող ոչ ոք որպես թուլություն չընկալի: Նրանք, ովքեր մեր գործելակերպն ընկալում են որպես թուլություն, ժողովրդին են ընկալում որպես թույլ, անկարծիք սուբյեկտ»,-շեշտել է Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում