Հասարակական

Երևանի մետրոպոլիտենի ուղևորներն իրենց երթևեկը սկսեցին նոր ժետոններով

2 րոպեի ընթերցում

Երևանի մետրոպոլիտենի ուղևորներն իրենց երթևեկը սկսեցին նոր ժետոններով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շուրջ տասը տարի Երևանի մետրոպոլիտենի ուղևորներին ծառայած ժետոնները փոխարինվել են նորերով: Դրանք գործածության մեջ են մտել սեպտեմբերի 25-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ժետոնների գույնը և տեսքը նույնն են մնացել:

«Նպատակահարմար չգտանք փոխել ժետոնի գույնն ու տեսքը, քանի որ դա հավելյալ ծախս է: Մեր առաջ նպատակ էինք դրել թարմացնել ժետոնները, որովհետև եղածներն արդեն պիտանի չէին օգտագործման համար»,-մեզ հետ զրույցում նշեց Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը:

Նա ընդգծեց, որ մոտավորապես տասն օրվա ընթացքում արտադրվել է ավելի քան 200 հազար ժետոն, որոնք բաժանվել են բոլոր կայարաններում: Ընդհանուր առմամբ նոր ժետոններ ստանալու համար ծախսվել է մեկ միլիոն դրամ:

Ավետիսյանը նշեց, որ աշխատում են մշտապես դրական փոփոխություններ կատարել մետրոպոլիտենում, բայց անելիքները շատ-շատ են, որովհետև մետրոպոլիտենը 24-ժամյա աշխատող հիմնարկ է, որի շահագործման ընթացքում բազմաթիվ ծախսեր են առաջանում: «Մեր առաջնահերթություններից է նաև գնացքների և այն ամենի արդիականացումը, ինչ կապված է անվտանգության հետ»,-ասաց Ավետիսյանը:

Անդրադառնալով մետրոպոլիտենի ծառայություններից օգտվողների քանակին` տնօրենն ընդգծեց, որ, ամենամսյա և ամենամյա տվյալների համաձայն, ուղևորների թիվը գնալով մեծանում է: «Անցյալ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի ուղևորների հոսքն աճել է քսան տոկոսով: Օրվա ընթացքում 60-70 հազար ուղևոր է մտնում մետրո»,-նշեց Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ այն մարդիկ, որոնց մոտ պահպանվել են հին ժետոններ, կարող են մոտենալ մետրոյի դրամարկղ և դրանք փոխարինել նորերով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում