Պաշտոնական

Գործակցության նոր հեռանկարներ. ՀՀ  նախագահի տիկինն ու Քուվեյթի շեյխուհին այցելել են Մատենադարան

2 րոպեի ընթերցում

 Գործակցության նոր հեռանկարներ. ՀՀ  նախագահի տիկինն ու Քուվեյթի շեյխուհին այցելել են Մատենադարան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը, ով տիկին Նունե Սարգսյանի հրավերով գտնվում է Հայաստանում, այցելել են Մատենադարան:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նրանք շրջել են հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ցուցասրահներով: Քուվեյթի շեյխուհու գլխավորած պատվիրակության անդամների ուշադրությունը հատկապես գրավել են ներկայացված իսլամական ձեռագրերը:

Պատվիրակության կազմում Հայաստան ժամանած՝ Քուվեյթի մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Քամել Ալ-Աբդուլ Ջալիլը նշել է, մեր երկիր՝իրենց այցի գլխավոր նպատակը հատկապես մշակութային փոխհարաբերությունների խորացմանը զարկ տալն է:«Այցելեցինք Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և, այդ այցելությունից քաջալերված, համագործակցության շատ ծրագրեր ենք մշակում։

Երկու մեծ ծրագիր ենք պատրաստվում իրականացնել Հայաստանի հետ.Քուվեյթում գործում է Իսլամական հնությունների թանգարանը, որտեղ գտնվում են իսլամական մշակույթի և արվեստի ամենամեծ և ամենահին կտորները։ Պետք է այդ նմուշներից բերենք այստեղ: Մտածում ենք նաև ամենահին արաբական և իսլամական ձեռագրերն այստեղ ցուցադրելու մասին:

Բացի այդ, պատրաստվում ենք մշակութային շաբաթներ կազմակերպել՝ հայկական մշակութային շաբաթ Քուվեյթում և Քուվեյթի մշակութային շաբաթ Հայաստանում»,- նշել է Քամել Ալ-Աբդուլ Ջալիլը։ Նա նկատել է , որ համագործակցության մեծ ներուժ կա Մատենադարանի հետ:«Քուվեյթում ունենք շատ ժամանակակից սարքավորումներ, որոնք մեզ թույլ են տալիս թվայնացնել հին գրքերը և դրանք ճիշտ ձևով պահպանել»,- ընդգծել է Քուվեյթի մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում