Սփյուռք

Բաթումում բացվել է ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանին նվիրված հուշատախտակ

2 րոպեի ընթերցում

Բաթումում բացվել է ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանին նվիրված հուշատախտակ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաթումի կենտրոնում՝ Ռուսթավելի փողոցում գտնվող տան պատին օգոստոսի 6-ին բացվել է հուշատախտակ՝ նվիրված բաթումահայ հանրահայտ ճարտարապետ, Աջարիայի Ինքնավար Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հուշատախտակի պատրաստումն ու տեղադրումն իրագործվել է ճարտարապետի ժառանգների ջանքերի և Բաթումի քաղաքապետարանի, Աջարիայի ճարտարապետների միության, հայկական համայնքային կառույցների աջակցության շնորհիվ:

Բացման արարողությանը Բոգդան Կիրակոսյանի կյանքի և գործունեության մասին խոսքով հանդես են եկել նրա դուստր Գայանե Կիրակոսյանը, Բաթումի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Աջարիայի ճարտարապետների միության նախագահ Ռևազ Գոգիտիձեն, Հայ Առաքելական եկեղեցու Աջարիայի և մերձակա տարածաշրջանի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը, «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության նախագահ Սահակ Տալիթյանը, Աջարիայի հայերի միության վարչության անդամ Արթուր Հովհաննիսյանը:

Բոգդան Կիրակոսյանը (1912-1972թթ.) խորը հետք է թողել Բաթումում՝ հեղինակելով մի շարք բարձր նշանակություն ունեցող ճարտարապետական շինություններ, այդ թվում՝ քաղաքի խորհրդանիշ հանդիսացող սյունաշարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում