Հասարակական

Արցախը Հայաստան է և վե՜րջ․վարչապետը ներկայացրեց մինչև 2050թ. ռազմավարական նպատակները

2 րոպեի ընթերցում

Արցախը Հայաստան է և վե՜րջ․վարչապետը ներկայացրեց մինչև 2050թ. ռազմավարական նպատակները

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050 թվականը զարգացման ռազմավարական նպատակները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում ՀՀ վարչապետը նշեց, որ պատեհ է համարում համազգային քննարկմանը ներկայացնել ռազմավարական նպատակադրումների աշխատանքային տարբերակը, խնդիրներ, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա լուծել մինչև 2050 թվականը։

«Ըստ այդմ, մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները․ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, յոթապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, ունենալ աշխարհի տասը ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնը»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ շատերը կհարցնեն, իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ․ «Պատասխանը շատ պարզ, որովհետև Արցախը Հայաստան է և վե՜րջ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում