Հասարակական

Փոխնախարարը հայաստանյան սահմանի լարվածությունը կապում է երկու կողմերում կատարվող աշխատանքների հետ

2 րոպեի ընթերցում

Փոխնախարարը հայաստանյան սահմանի լարվածությունը կապում է երկու կողմերում կատարվող աշխատանքների հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը կապված է երկու կողմերում իրականացվող ինժեներական աշխատանքների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Վերջին օրերին լարվածություն է նկատվում հայաստանյան սահմաններում և, ցավոք, ունենք զոհ և վիրավոր, սակայն հակառակորդի գործողություններին մեր զինված ուժերը համարժեք պատասխան են տվել»,- նշեց Բալայանը և հավելեց, որ մանրամասներին չի կարող անդրադառնալ, քանի որ քրեական գործ է հարուցվել:

Խոսելով այն մասին, թե ինչով է պայմանավորված լարվածությունը, փոխնախարարը շեշտեց, որ որոշակի առումով պատճառը երկու կողմերում կատարվող ինժեներական աշխատանքներն են:

«Մենք հայտարարել ենք, որ հիմա շատ թափով երկու կողմերում էլ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, այսինքն՝ մենք մեր դիրքերն ենք ամրապնդում, հակառակորդն էլ իրենը: Մենք կասեցնում ենք ցանկացած առաջխաղացման փորձ»,- ասաց Բալայանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը ծառայությունն իրականացնում է այնպես, որպեսզի հակառակորդը չկարողանա դիրքային առավելություն ձեռք բերել:

Հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995 թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։

Հուլիսի 27-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում