Սփյուռք

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մասնակիցները հավաստագրեր են ստացել

2 րոպեի ընթերցում

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մասնակիցները հավաստագրեր են ստացել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի փակումը, որի ընթացքում հավաստագրեր են հանձնվել վերապատրաստում անցած սփյուռքահայ ուսուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, շնորհավորելով ծրագրի մասնակիցներին` նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը հույս է հայտնել, որ ձեռք բերված կարողություններն ու հմտությունները կլինեն նպատակային. «Սա կարևոր է և´ մեզ, և´ ձեզ համար: Մենք ունենք ձեր աջակցության կարիքը՝ հասկանալու, թե ինչ կարիքներ ունեն մեր կրթօջախները Սփյուռքում: Վստահ եմ, որ Հայաստանում անցկացված օրերը կլինեն անմոռանալի, և պատմություն դարձած իրականությունը որպես հուշ կտանեք հայրենիքից: Վստահ եղեք՝ մենք ձեր կողքին ենք և պատրաստակամ աջակցելու»,- նշել է նա:

Արկադի Պապոյանը շնորհակալություն է հայտնել նաև Մանկավարժական համալսարանին` վերապատրաստումները կրթական, մշակութային բաղադրիչներով հարստացնելու և անհրաժեշտ միջավայր ապահովելու համար:

ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Արա Երեմյանը բուհի ղեկավարության անունից շնորհավորել է վերապատրաստված ուսուցիչներին` նշելով, որ նրանք հայոց լեզվի դեսպաններն են արտասահմանում:

Ուսուցիչներին շնորհավորել է նաև «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, ՀՊՄՀ-ի Հայ նոր և նորագույն գրականության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը:

Արդեն 3-րդ տարին Մանկավարժական համալսարանը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացնում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում: Այս տարի՝ հուլիսի 1-26-ն անցկացվող ծրագրին մասնակցել է 15 երկրի 56 ուսուցիչ, որոնք վերապատրաստվել են ուսումնական 5 խմբով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում