Հասարակական

ԵԽ հայաստանյան գրասենյակի կազմակերպած էսսեների մրցույթի հաղթողն իր դիպլոմը կստանա Ստրասբուրգում

3 րոպեի ընթերցում

ԵԽ հայաստանյան գրասենյակի կազմակերպած էսսեների մրցույթի հաղթողն իր դիպլոմը կստանա Ստրասբուրգում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավագ դպրոցի աշակերտուհի Անի Կարապետյանը Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված էսսեների մրցույթի հաղթողն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Անին իր դիպլոմը կստանա Ստրասբուրգում, ուր էլ կմեկնի որպես «Ապագա եվրոպացին Ձեր պատկերացմամբ» թեմայով էսսեների մրցույթի հաղթող և Հայաստանի ներկայացուցիչ:

«Իմ էսսեն ապագա եվրոպացու վերաբերյալ իմ պատկերացումների մասին էր, որին ես ցանկանում եմ ապագայում տեսնել մի փոքր ավելի վերափոխված, ավելի լավ հատկանիշներով: Կցանկանայի, որ ապագա եվրոպացիներն ավելի հոգատար և ուշադիր լինեին իրենց շրջապատի և աշխարհի նկատմամբ: Նաև կցանկանայի, որ օգնեին անշահախնդրորեն այն մարդկանց, ովքեր ունեին դրա կարիքը: Եվ օգնեին, որպեսզի այս աշխարհը դարձնեինք ավելի լավը»,- նշեց Անին:

Մրցույթը նվիրված է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին: Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան նշեց, որ այն առաջինն է, բայց շարունակական է լինելու:

«Եվրոպայի խորհրդի երեք հիմնական սկզբունքներն են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: ՀՀ-ն կարևոր անդամ-պետություն է Եվրոպայի խորհրդի համար, և ԵԽ-ն կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար: Սա առաջին անգամ է, երբ մենք էսսեների նման մրցույթ ենք կազմակերպում, բայց վերջինը չի լինի»,- ասաց Վուտովան:

Էսսեների մրցույթին մասնակցել է 20 աշակերտ՝ Հայաստանի բոլոր ավագ դպրոցներից: Լավագույն աշխատանքներն ընտրել է տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագետներից և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներից կազմված ժյուրին: ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը նշեց, որ իրենց կողմից մրցույթի մասին տեղեկանքն ուղարկվել է բոլոր ավագ դպրոցներին, և ընտրվել են լավագույն աշխատանքները:

«20 աշակերտներ են մասնակցել մրցույթին և ուղարկել իրենց պատկերացումները «Ապագա եվրոպացին» թեմայի շուրջ: Նախ և առաջ, մեծ ուշադրություն է դարձվել հայերենին, կառուցվածքին, ընդհանուր բովանդակությանը և երեխաների պատկերացումներին»,- նշեց նախարարի խորհրդականը:

Մրցույթում 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պատվոգրեր և նվերներ ստացան Եվրոպայի խորհրդի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում