ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին հատկացրեց 105 մլն դրամ` զբոսաշրջային ոլորտի առաջնային երկու հիմնախնդրի լուծման համար, որը նախատեսում է ենթակառուցվածքների զարգացում և ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախատեսվում է նախագծել տեսարժան վայրերի հարակից տարածքների բարեկարգման տիպային մոդել:
«Դրա համաձայն՝ կառանձնացվեն համայնքային առևտրի գոտիները, կկառուցվեն միանման տաղավարներ համայնքի` վաճառք իրականացնող բնակիչների համար, կբարեկարգվի և կգծանշվի ավտոկայանատեղին, ինչպես նաև կսահմանվի մեքենաների մուտք ու ելքի կայանման ձևաչափ»,- ասաց նախարարը:
Հատկացումն իրականացվել է Էկոնոմիկայի նախարարության խնայողությունների միջոցով: