Երևանում հաջորդ տարի կբացվի Marriott Courtyard հյուրանոց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կառավարման խորհրդի համանախագահներ Ռայներ Սաքաուին ու Փենքաշ Բրլային և Հայաստանում նրանց գործընկեր՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավարներին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը տեղեկացրել են «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ու աշխատանքների մասին: Մասնավորապես անդրադարձ է եղել «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ համատեղ Երևանում Marriott Courtyard հյուրանոցի կառուցման ծրագրին, որի բացումը նախատեսվում է հաջորդ տարի:
Նախագահը ողջունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կողմից Հայաստանում գործունեությունն ընդլայնելու ծրագրերը՝ նշելով, որ մեր երկիրը խրախուսում է միջազգային ներդրումները և միջազգային հայտնի ապրանքանիշերի մուտքն ու գործունեությունը:
Հյուրերն ընդգծել են, որ իրենց համար հաճելի և հարմարավետ է աշխատել Հայաստանում, որտեղ ժողովուրդը հյուրընկալ ու բարյացակամ է:«Հաճույքով պատրաստ ենք ավելին անել Հայաստանում»,-ասել են նրանք: