Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանինհուլիսի 4-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն:
Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ակնկալում է ակտիվ աշխատանք հայ-ռումինական հարաբերությունների սերտացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Հանրապետության նախագահն ու նորանշանակ դեսպանը խոսել են երկու երկրների միջև տնտեսական կապերի աշխուժացման, այս ոլորտում զարգացումը խթանող երկուստեք քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին: Նրանք մասնավորապես ընդգծել են երկու երկրների գործարարների միջև կապերի ակտիվացումը, միմյանց հնարավորությունների բացահայտումն ու առկա ներուժի առավելագույն օգտագործումը: Այս համատեքստում կարևորվել է Ռումինիա-Հայաստան ուղիղ օդային կապի՝ վերջերս գործարկված Բուխարեստ-Երևան չվերթի առկայությունը: