Տնտեսություն

Սուրեն Պապիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ընդունել է  Համաշխարհային  բանկի  պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Համաշխարհային բանկի տրանսպորտային ոլորտի մասնագիտական խմբի պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի ու Համաշխարհային բանկի երկարամյա և արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով բանկի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման և որակապես նոր հանգրվան տեղափոխելու հայկական կողմի շահագրգռվածությունը։ Նախարարը միաժամանակ հարկ է համարել նշել, որ բանկի հետ համատեղ իրականացված և ընթացքի մեջ գտնվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը Հայաստանի տնտեսական զարգացման և ենթակառուցվածքային արդիականացման համար կարևոր նախադրյալներ է ստեղծում։

ՀԲ-ի տրանսպորտի մասնագետ Նարգիզ Ռիսկուլովան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանի հետ գործընկերային ու արգասաբեր համագործակցությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերի միջոցով զարգացման նոր դրսևորումներ կստանա։ Նարգիզ Ռիսկուլովան նաև ուրախությամբ հայտնել է, որ ՀԲ-ի տնօրենների խորհուրդը ս․թ․ մայիսին հաստատել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ 13,4 մլն եվրո ֆինանսավորումը, որով նախատեսվում է վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերում։

Նկատենք, որ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի առաջին փուլով նախատեսված 170 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհ արդեն վերականգնվել է։ Ավելին՝ ծրագրի տնտեսումների հաշվին հնարավոր է եղել վերականգնել ծրագրով նախատեսվածից ավելին՝ լրացուցիչ 41,1 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ։ Ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է վերականգնել 360 կմ ընդհանուր երկարությամբ (ներառյալ հիմնական ծրագրի 170կմ-ը) կենսական նշանակության ճանապարհահատվածներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում