Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը Շվեյցարիայում կմասնակցի գիտության և արվեստի միջազգային STARMUS փառատոնին և «Crans Montana» միջազգային ֆորումի ամենամյա նիստին

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանը Շվեյցարիայում կմասնակցի գիտության և արվեստի միջազգային STARMUS փառատոնին և «Crans Montana» միջազգային ֆորումի ամենամյա նիստին
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Ցյուրիխում կմասնակցի գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի բացմանը և հանդես կգա ելույթով: STARMUS-ը գիտության, արվեստի և այլ ոլորտների նշանավոր գործիչներին համախմբող յուրահատուկ փառատոն է, որը հանդես է գալիս նաև որպես բացառիկ հարթակ՝ գիտության նվաճումներն արվեստի միջոցով ներկայացնելու, գիտությունն ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու համար:

Այնուհետև արդեն Ժնևում Հանրապետության նախագահը կմասնակցի «Crans Montana» միջազգային հեղինակավոր ֆորումի 30-րդ տարեկան նստաշրջանի բացմանը: Արմեն Սարգսյանը «Խաղաղության, զարգացման և կայունության ժամանակակից մարտահրավերներն ու դրանք հաղթահարելուն ուղղված արդյունավետ համագործակցության խթանումը» թեմայով քննարկումներում հանդես կգա որպես գլխավոր բանախոս:

Crans Montana Forum-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի տարեկան միջոցառումներին ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են սոցիալական, տնտեսական խնդիրներ, անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր:

Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպում կունենա նաև գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում