Ակնկալում ենք «Dassault systemes»-ի հետ հետազոտական կենտրոն ունենալ Հայաստանում. նախագահը հանդիպել է «Dassault Group»-ի ղեկավար Օլիվիե Դասոյի հետ
2 րոպեի ընթերցում
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Dassault Group» -ը և, մասնավորապես, «Dassault Aviation»-ը միջազգային հեղինակավոր այս ավիասալոնում ներկայացնում է ընկերության ռազմական և բիզնես դասի ինքնաթիռները:
Նախագահ Սարգսյանն ու Օլիվիե Դասոն զրուցել են Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունների մասին: Անդրադարձ է եղել «Dassault Group»-ի կազմի մեջ մտնող՝ «Dassault systemes» ընկերության ներկայացուցիչների՝ վերջերս Հայաստան կատարած այցին և արդեն ուրվագծվող համագործակցությանը:
«Մեր երկրների միջև հարաբերությունները շատ կարևոր են, մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Հուսով ենք՝ «Dassault systemes»-ը, միգուցե նաև՝ «Dassault Aviation»-ը Հայաստանի հետ համատեղ աշխատանքներ կիրականացնեն»,-ասել է Օլիվիե Դասոն:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամության և համագործակցության պատրաստակամության համար.«Նախ և առաջ ակնկալում եմ, որ «Dassault systemes»-ի հետ հետազոտական կենտրոն կունենանք Հայաստանում, որը ներդրումներ կիրականացնի արհեստական բանականության, մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Եվ այս ամենի շնորհիվ «Dassault Group»-ն ու Հայաստանը երկարաժամկետ գործընկերներ կդառնան»:
Այնուհետև նախագահ Սարգսյանն ու Օլիվիե Դասոն շրջայց են կատարել ավիասալոնի տարածքում, ծանոթացել «Dassault Aviation»-ի ներկայացրած մոդելներին և դրանց տեխնիկական հնարավորություններին: