Հասարակական

ԶՈՒ տեխնիկական բազան համալրվեց 16 հրշեջ մեքենաների առաջին խմբաքանակով

2 րոպեի ընթերցում

ԶՈՒ տեխնիկական բազան համալրվեց 16 հրշեջ մեքենաների առաջին խմբաքանակով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեխնիկական բազան համալրվեց 16 հրշեջ մեքենաների առաջին խմբաքանակով: Դրանք կբաշխվեն պայթունավտանգ և հրդեհավտանգ զորամասերում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապարակում հունիսի 14-ին տեղի ունեցավ զորամասերին ԶՈՒ կարիքների համար ձեռք բերված հրշեջ մեքենաների բաշխման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:

«Ինչպես զինված ուժերի բոլոր զորատեսակներում, այնպես էլ Զինված ուժերի թիկունքի վարչության հրշեջ-փրկարարական վարչությունում իրականացվում է տեխնիկական միջոցների նորացման աշխատանք: Զինված ուժերի հակահրդեհային ապահովումը չափազանց կարևոր է, քանզի այն ուղղված է մեր պաշտպանական միջոցների անվտանգ շահագործմանը: Հրշեջ ծառայությունների զարգացման և նորացման նպատակով այս տարվա առաջին կիսամյակում ձեռք են բերվել արդիական հրշեջ մեքենաներ: Այս նոր ձեռքբերումները պետք է պարտավորեցնեն առավել պատասխանատու կերպով իրականացնելու ձեր ծառայողական պարտականությունները»,- հրշեջ-փրկարարներին ասաց Գալստյանը:

Լրագրողների հետ զրույցում ԶՈՒ թիկունքի վարչության հակահրդեհային տեսչության պետ, փոխգնդապետ Սարգիս Մազմանյանը նշեց, որ նմանատիպ համալրումները լինելու են շարունակական:

«Զինված ուժերի ծրագրերի համապատասխան՝ բաշխվելու են հիմնականում պայթունավտանգ և հրդեհավտանգ զորամասերում: Դրանով իրականացվում է և ավտոպարկերի թարմացում, և համալրում»,- ասաց Մազմանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում