Տնտեսություն

Եկամտային հարկի համահարթեցման արդյունքում  կորուստը կկազմի 30-31 մլրդ դրամ. նախատեսված այլ միջոցառումներով այն առնվազն կվերականգնվի

2 րոպեի ընթերցում

    Եկամտային հարկի համահարթեցման արդյունքում  կորուստը կկազմի 30-31 մլրդ դրամ. նախատեսված այլ միջոցառումներով այն առնվազն կվերականգնվի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվող եկամտային հարկի դրույքաչափի համահարթեցումն ու շահութահարկի նվազեցումը կհանգեցնեն պետբյուջեում որոշակի կորստի: Սակայն նախատեսված մի շարք միջոցառումների արդյունքում այդ կորուստն առնվազն կվերականգնվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եկամտահարկի համահարթեցման վերաբերյալ կազմակերպված աշխատանքային քննարկմանը վստահեցրեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Քննարկման մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, թե եկամտային հարկի և շահութահարկի դրույքաչափերը փոփոխելով ֆիսկալ առումով որքան վնաս, թերակատարվող եկամուտներ են լինելու բյուջեում:

«Կորուստը գնահատված է ՀՆԱ-ի 0.7 տոկոսի չափով: Շուրջ 30-31 մլրդ դրամ կորուստ է գնահատվում եկամտային հարկի համահարթեցման արդյունքում և առավելագույնը 14-15 մլրդ դրամ կորուստ` շահութահարկ նվազեցման արդյունքում: Սակայն մենք գնահատել ենք, որ այլ ուղղություններով կատարվող փոփոխություններով շատ պահպանողական սցենարով այդ կորուստն առնվազն վերականգնվում է»,-վստահեցրեց Պողոսյանը:

Նա նշեց` նախատեսված են բազմաթիվ վարչարարական միջոցառումներ, այդ թվում հարկային համակարգերի փոփոխության` սկսած խաղային ոլորտն արդյունքով հարկելու առաջարկից, վերջացրած վիճակախաղերի տոմսերը հաշվառելուց: Փոխնախարարը հավաստիացրեց, որ նախագիծը ֆիսկալ առումով ռիսկեր չի ստեղծում:

Պողոսյանը նշեց, որ մոտ 45 մլրդ դրամ հաշվարկային կորուստն է, իսկ զուտ ազդեցությունը գնահատված է 16 մլրդ` 2018-ի բյուջեի համեմատությամբ: Նա շեշտեց, որ հետադարձ ուժով որոշակի բարելավումներ են կատարում, օրինակ` շրջանառության հարկի շեմի բարձրացում և այլն:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է եկամտային հարկը համահարթեցնել` դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի: Իսկ շահութահարկն առաջարկվում է նվազեցնել 2 տոկոսով: Փոփոխությունների փաթեթն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում