Պաշտոնական

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ

2 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մայիսի 28-ին Նյու Յորքում հանդիպել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, կողմերն անդրադարձել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի ու վերջինիս գրասենյակի հետ Հայաստանի ակտիվ համագործակցությանը եւ համատեղ իրականացվող նախաձեռնություններին: Հիշատակվել է 2018թ. դեկտեմբերի 9-11-ը Հայաստանում տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որը կազմակերպվել էր Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի հետ համատեղ եւ հատուկ խորհրդական Ադամա Դիենգի մասնակցությամբ:

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու կոնվենցիայի իրազեկման բարձրացմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին» Հայաստանի կողմից ՄԱԿ-ում նախաձեռնված բանաձեւին: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի կողմից ընդգծվել է ժխտողականության դեմ պայքարելու եւ ցեղասպանության զոհերի հիշատակն ու արժանապատվությունը ոտնահարող հայտարարությունները դատապարտելու անհրաժեշտությունը՝ մարդկության դեմ հետագա հանցագործությունները կանխարգելու համատեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում