Կառավարությունն առաջարկում է «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը դարձնել 2 տարի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքային շեմը36-ից դարձնել 40 տարեկան, հազվագյուտ մասնագիտությունների դեպքում՝ 45: Առաջարկվում է կրճատել նաև «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը՝ 3 տարուց դարձնելով 2 տարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Նախագծի մի քանի հոդվածներով հստակեցվում են պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ժամկետները: Վերականգնվում է նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայություն ընդունվելու տարիքը՝ 36-ից դառնալով 40 տարեկան: Հանձնաժողովում քննարկման ժամանակ լրացում է կատարվել, առաջարկվել է հազվագյուտ մասնագիտությունների գծով սահմանել 45 տարին: Նախատեսվում է նաև քաղաքացու պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կառավարության լիազորված պետական մարմնի կողմից մերժելու հնարավորությունը կառավարության կողմից սահմանված կարգով նշված դեպքերում: Այս նախագծով նաև առաջակվում է, որ այսօր գործող «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն 3 տարի ժամկետը կրճատվի մինչև 2 տարի»,-ներկայացրեց Բալայանը:

Նախագծով առաջարկվում է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են, տրամադրել տարկետում մինչ ուսումնառության ավարտը: Նախագծով նախատեսվում է, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցի միայն մեկ եղբայրը: Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին: Իսկ նախագծի 10-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված քաղաքացիների հետ հաստիքով նախատեսված պարտականությունների ներգրավման պայմանագրի ժամկետը սահմանվում է 1 տարի՝ գործող 3 ամսվա փոխարեն, խոսքն ակտիվ պահեստազորի մասին է: Իսկ սպաների համար սահմանված մատչելի և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվելու հնարավորություն է ընձեռվում նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին: Նախագծով հստակեցվում են նաև մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը:

«Նախագծի 14-րդ հոդվածի համաձայն՝ զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի շրջանակներում վերացվում է առկա թերկարգավորումը, քանի որ բնակարանային ապահովություն ընդգրկում է ոչ միայն սեփականության իրավունքով անհատույց բնակարանի տրամադրումը, այլ նաև անհատույց պետական ֆինանսական աջակցությունը և տնամերձ հողամասով ապահովման ձևերը»,-եզրափակեց Բալայանը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres