Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիային
1 րոպեի ընթերցում
![Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիային](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/05/975011.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2018 թվականի մարտի 14-ին Կոպենհագենում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցը կառավարության մայիսի 16-ի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Նախատեսվում է օրենսդրական նախաձեռնությունն ուղղել Սահմանադրական դատարան` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, որից հետո դրական եզրակացության դեպքում այն կուղարկվի Ազգային ժողով` վավերացման համար»,- ասաց Ջանջուղազյանը:
Ֆինանսների նախարարը նշեց, որ Հայաստանը արդեն 46 երկրների հետ համանման փաստաթղթեր ունի ստորագրած: