Հասարակական

Աննա Հակոբյանն այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանն այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 15-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա են գտնվել Չինաստանի ընդդեմ քաղցկեղի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Յինգ Վոնգը, արտաքին կապերի փոխտնօրեն Թինգթինգ Շուն, Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցի փոխտնօրեններ Ջոն Գուոն և Քաիֆենգ Փանը:

Աննա Հակոբյանը ներկայացրել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: «Տարեկան Հայաստանում գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք: «Ժպիտների քաղաք» հիմնադրամը հոգում է պացիենտների բուժման և սննդի ծախսերը: Սակայն մենք ավելի մեծ ծրագրեր ունենք: Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել քաղցկեղի դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոն»,- ասել է Աննա Հակոբյանը: «Հայաստանը բարեկամ երկիր է և դարավոր պատմական հարաբերություն ունի Չինաստանի հետ, և մենք համոզված ենք, որ քաղցկեղի դեմ պայքարում մենք կարող ենք լավագույնս համագործակցել»,- հանդիպմանը նշել է Յինգ Վոնգը: Հանդիպմանը կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղիներն ու հնարավորությունները:

Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցը Չինաստանի հինգ լավագույն հիվանդանոցներից մեկն է համարվում: Այն համատեղում է չինական ավանդական բժշկությունը արդի բժշկական նորամուծությունների հետ: Հիվանդանոցը համագործակցում է աշխարհի բազմաթիվ երկրների հիվանդանոցների հետ, իսկ բուժանձնակազմում շատ են արտասահմանցի պրոֆեսորները: Բացի բժշկական ծառայություններ մատուցելը, հիվանդանոցը նաև դասախոսություններ և վերապատրաստումներ է կազմակերպում նաև արտասահմանցի մասնագետների համար:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում