«Հայկական Կարիտաս» կազմակերպությունը ՀՀ մի շարք մարզերում իրականացրել է ներառական կրթության որակի հետազոտություն
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում իրականացվել է հետազոտություն ՀՀ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում ներառական կրթության որակի, համապատասխան մանկավարժական պայմանների ուսումնասիրության եւ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների գործունեության մարտահրավերների վերհանման նպատակով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետազոտությունն իրականցրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոն»-ը:
Հետազոտության արդյունքներն ու բացահայտված խնդիրների լուծման առաջարկները հանրությանը կներկայացվեն մայիսի 14-ին ժամը 13:00-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում /Ալեք Մանուկյան 13/:
Ծրագիրն իրականացվել է 2018-2019թթ., դեկտեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ-ի 3 թիրախային մարզերի ընտրանքային՝ թվով 114 դպրոցներում և 11 տարածքային մանավարժահոգեբանական աջակցության կենտրոններում: Հետազոտական թիմը եղել է Տավուշի, Լոռու և Սյունիքի թվով 12՝ քաղաքային և 71՝ գյուղական համայնքներում:
Հետազոտության հիմնական արժեքը կայանում է նրանում, որ այն հիմնված է մասնակցային գնահատման մեթոդաբանության վրա, ինչը նշանակում է, որ ընտրանքը ծրագրի անմիջական շահառուների կողմից ներառում է համընդհանուր ներառական կրթության իրավիճակի ներկայացում և խնդիրների վերհանում, որոնք վերլուծվել են ՀՀ պետական, միջազգային և հասարակական կառուցների դիրքորոշումների և իրավական հիմքերի համատեքստում: Տվյալ հետազոտության շրջանակներում արձանագրված տեսակետների և վերլուծությունների փաստացի արդյունքների հեղինակը Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Համայնքային ներառականության և հաշմադամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոնն» է, և միայն վերջինս է պատասխանատու բովանդակության համար:
Հետազոտության կազմակերպման մեթոդների ընտրության համար հիմք են հանդիսացել նաև այն հիմնական խնդիրները, որոնք ընկած են սույն հետազոտական աշխատանքի հիմքում:
Հարցազրույցի և հարցաթերթիկի միջոցով ստացված տվյալները համադրվել են նաև կատարված ազատ դիտման արդյունքերի հետ, որոնք որպես եզրակացություններ արձանագրվել են հետազոտության ընթացքում: Նման մոտեցումը հնարավորություն է տվել նվազեցնել հետազոտության արդյունքներում գրանցվելիք հնարավոր շեղումները, ինչն էլ հետևություններ անելու կարևորագույն նախապայմանն է:
Հայկական Կարիտաս»-ը հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը սոցիալական պաշտպանության ու խնամքի, նաև համայնքային զարգացման ծրագրերին, որպեսզի բարելավվեն շահառուների ապրելակերպի ու կրթական պայմանները, առավել խոցելի սոցիալական խմբերի առողջությունը, իրականացնում է կայուն վերաինտեգրման միջոցառումներ հայրենիք վերադարձողների համար, մարդասիրական ու զարգացման գործողություններ:
«Հայկական Կարիտաս»-ը գործունեության սկզբից ի վեր ցուցաբերել է անմիջական աջակցություն հազարավոր մարդկանց Հայաստանի 125 համայնքներում:
«Հայկական Կարիտաս»-ն ունի 7 հիմնական ուղղություն.
- Երեխաների սոցիալական պաշտպանություն
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում
- Տարեցների սոցիալական ներառում և խնամք
- Աղետների ռիսկի նվազեցում և արագ արձագանք արտակարգ իրավիճակներին
- Համայնքային զարգացում
- Միգրացիա եվ ինտեգրացիա
- ՀԿ-ի կազմակերպական զարգացում