Հուսով եմ՝ նոր իրավիճակում Հանրային ռադիոն նոր դիրքեր կնվաճի. Ռադիոյի օրվա առթիվ վարչապետն այցելել է Հանրային ռադիո

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռադիոյի օրվա առթիվ այցելել է Հայաստանի Հանրային ռադիո:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որպես խորհրդանշական քայլ՝ վարչապետը նախ իր մասնակցությունն է բերել 2018 թ. ապրիլի 14-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կոտրված դռան վերականգնման շինաշխատանքներին:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Ռադիոյի օրվա առթիվ շնորհավորանքի խոսք է ուղղել, որում, մասնավորապես, նշել է.

«Թույլ տվել շնորհավորել Հայաստանի Հանրային ռադիոյի բոլոր աշխատակիցներին և ռադիոլսողներին՝ Ռադիոյի օրվա կապակցությամբ և Հայաստանի բոլոր ռադիոաշխատողներին, որովհետև հիմա մեր երկրում բազմաթիվ ռադիոկայաններ կան, մաղթել նրանց հաջողություններ և հույս ունենալ, որ լրատվական այս նոր իրավիճակում ռադիոն ամուր կպահպանի իր դիրքերը կամ, ավելի ճիշտ, նոր դիրքեր կնվաճի:

Ցանկանում եմ ասել, որ պատգամավոր եղած տարիներին Հանրային ռադիոյի ակտիվ ունկնդիր եմ եղել, և ինձ շատ դուր են գալիս հատկապես ռադիոյի «Ոսկե ֆոնդ»-ի հաղորդումները: Ես հույս ունեմ, որ այդ լավագույն ավանդույթները կշարունակվեն, և Հանրային ռադիոն իսկապես կդառնա մեր հանրային քաղաքական կյանքի նոր պայմաններին, ես նկատի ունեմ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը, համապատասխանող լրատվամիջոց»:

Եվ մի ցավալի արձանագրում եմ արել մեր ռադիոյի կապակցությամբ. Խորհրդային միության տարիներին Հայկական ռադիոն հայտնի էր իր անգերազանցելի հումորներով: Չգիտեմ ինչու, այդ ավանդույթը և այդ պատմությունը կամ ինչ-որ տեղ դանդաղել է կամ ինչ-որ տեղ կանգ է առել: Հույս ունեմ, որ Հանրային ռադիոյի այդ իմիջը նույնպես կվերականգնվի, և Հանրային ռադիոյի հումորները՝ հիմա արդեն միջազգային հարթակներում, նոր փառք ձեռք կբերեն՝ այդպիսով բարձրացնելով նաև Հայաստանի միջազգային հեղինակությունը և վարկանիշը:

Կրկին շնորհավորում եմ և շատ ուրախ եմ, որ այսպիսի պայմաններում եմ անցած տարվա ապրիլի 14-ից հետո այցելել Հայաստանի հանրային ռադիո: Մենք գտնվում ենք նույն ստուդիայում, ինչ այն ժամանակ ես ներխուժել էի: Ես այն ժամանակ, իհարկե, մի քանի անգամ ներողություն խնդրել եմ, բայց հիմա էլ ուզում եմ բոլոր այն ռադիոաշխատակիցներից, ովքեր այդ օրվա համար որևէ անհանգստություն են ունեցել, կրկին ներողություն խնդրել: Հույս ունեմ՝ մենք բոլորս արձանագրում ենք, որ դա քաղաքացիական քայլ էր, և ի վերջո, հույս ունեմ, որ կարճաժամկետ առումով արդարացրեց իրեն և երկարաժամկետ առումով նույնպես կարդարացնի»:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը պատասխանել է Հանրային ռադիոյի մեկնաբանի հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ վարչապետի՝ վաղը կայանալիք մամուլի ասուլիսին, քաղաքացիներին հուզող խնդիրների լուծմանը, տնտեսական հեղափոխության իրականացմանը, նաև վարչապետի արձակուրդ գնալուն:

Կառավարության ղեկավարը նախ նշել է, որ մտադիր է վաղը մամուլի ասուլիսն սկսել Նոր Հայաստանի վերաբերյալ 100 փաստ հրապարակելով, ինչը միտված է ցույց տալու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երկրում: Ի պատասխան հարցի, թե մեկ տարի անընդմեջ աշխատելուց հետո չի պատրաստվում օգտվել արձակուրդի իր իրավունքից, վարչապետը նշել է, որ մտադիր է հունիսի սկզբին երկու օրով արձակուրդ վերցնել և անցկացնել այն Հայաստանի Հանրապետությունում:

Ինչ վերաբերում է քաղաքացիների առաջնահերթ հուզող խնդիրներին, այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ինչպես նախկինում, ամենակարևոր գլոբալ հարցերը կապված են տնտեսական հնարավորությունների, բարեկեցության, եկամուտների աճի հետ: Ինչպես ասել եմ նախկինում, արդեն իսկ այդ թեմային որոշակի քայլեր արվել են, առաջիկայում էլ կարվեն: Մենք պատրաստվում ենք բարձրացնել զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը և այս տարի պլանավորում ենք 100 մլն ԱՄՆ դոլարից ավելի կապիտալ ծախսեր, որոնք, մեր հաշվարկով, պիտի խթան հանդիսանան տնտեսության համար: Մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը բավական կայուն ընդունելի վիճակում է, և հիմա ամենակարևոր խնդիրն է լայնածավալ, կապիտալ ներդրումների միջոցով խթանել տնտեսությունը, որպեսզի մարդիկ իրենց եկամուտների բարձրացումը զգան, իրենց բարեկեցության աճն զգան: Ես վաղվա ասուլիսում այդ թեմայով բազմաթիվ տվյալներ կհրապարակեմ, որովհետև այսօր էլ արդեն, այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մարդկանց եկամուտները, աշխատավարձերը, թոշակները բարձրացել են, և ես մանրամասն վաղը այդ մասին կխոսեմ: Բայց, իհարկե, սա ճանապարհի սկիզբն է, և կարծում եմ, որ վաղվա ամենակարևոր արձանագրումը կլինի այն, որ մենք հիմա շատ լավ մեկնարկային վիճակում ենք և կարող ենք իսկապես լուրջ տնտեսական ճեղքում իրականացնել»: Տնտեսական հեղափոխության մասով վարչապետն ասել է՝ կարելի է արձանագրել, որ տնտեսական հեղափոխության առաջին՝ ամենաակտիվ փուլը հաջողություն ունի, բայց այդ մասին առավել մանրամասն կխոսի վաղը:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Ռադիոտանը, շնորհավորել Հանրային ռադիոյի ղեկավարությանը, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին և «Ռադիոլուր»-ի լրագրողական թիմին Ռադիոյի օրվա առթիվ, մաղթել աշխատանքային ձեռքբերումներ և հաջողություններ:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են Հանրային ռադիոյի զարգացման մոտեցումները, առկա ներուժի իրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական պայմաններն ու հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև Հանրային ռադիոյի արխիվի՝ հայկական ամենամեծ աուդիո արխիվի թվայնացման գործընթացին: Նշվել է, որ կատարված ծավալուն աշխատանքների արդյունքում այս տարվա փետրվարից արդեն armradioarchive.am կայքի միջոցով հասանելի է շուրջ 100.000 ձայնագրություն՝ դասական դարձած երգեր, ելույթներ, հաղորդումներ, համերգներ և նաև եզակի ու միևնույն ժամանակ մինչ օրս շատերին անհայտ ձայնագրություններ: Արխիվը հասանելի է նաև Armenian Public Radio բջջային հավելվածի միջոցով: Արխիվացման աշխատանքները շարունակական են, քանի որ տարվա ընթացքում ձայնադարանը համալրվում է նոր ձայնագրություններով ու անուններով:

Հայերեն English Français Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը